«Հուսամ՝ առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որն առողջ հասարակություն կձեւավորի, եւ մանկական տրավմաները չեն անդրադառնա ազգի ինքնորոշման վրա։ Ցավում եմ նման որակի քննարկումների եւ անձնավորված բաներ լսելու համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը հայտարարել էր, որ Հռիփսիմե Ստամբուլյանը հիմնադիրն է մի տուրիստական ընկերության, որը Երեւան-Ստամբուլ չվերթներ է անում, իսկ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը ծաղրել էր Ստամբուլյանի ազգանունը։
«Չեմ էլ ուզում քննարկել որեւէ մեկին։ Այդ կնոջ ազգանունը չեմ էլ ուզում հիշել, բայց ուզում եմ երջանիկ լինի եւ իրեն նման բաներ թույլ չտա։ Կնոջը վայել չէ։ Ինչ վերաբերում է իմ ազգանվանը, որից տվայտվում եք, ապա ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում։ Կարդացեք, թե Ստամբուլ բառը որտեղից է գալիս, ի՞նչ է Ստամբուլը ու որքանո՞վ ունի Թուրքիայի հետ կապ, առհասարակ ունի՞, թե ոչ։ Ցավում եմ, որ այսքան տգիտություն կա խորհրդարանում։ Ամաչում եմ, որ ձեր գործընկերոջ սխալի վրա մի բան էլ ծափահարում եք»,-հավելեց Հռիփսիմե Ստամբուլյանը։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նրա ելույթին այսպես արձագանքեց․ «Է՜հ, տիկին Ստամբուլյան, տեսնո՞ւմ եք․․․բայց ես իրականում ուզում եմ պաշտպանել տիկին Ստամբուլյանին։ Կարծում եմ՝ իրոք, չի կարելի մարդկանց տարբեր սպեկուլյացիաների միջոցով փորձել թիրախավորել։ Համացանցում նրան փորձում էին թիրախավորել նրա համար, որ նրա կրծքանշանը թեքվել էր։ Բնականաբար, դա պատահաբար է եղել։ Պետք չի մարդուն թիրախավորել՝ այս կամ այն երկրի հետ տնտեսական փոխհարաբերության մեջ լինելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ