Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկ քրեակատարողական հիմնականում գործում է երեկոյան դպրոց, որը չունի լիցենզիա». ՀԿ-ի նախագահ

Հունվար 19,2022 15:08

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականից հանրակրթական ծրագիր է իրականացնում, սակայն նշված հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են մինչև 19 տարեկան ազատազրկված անձինք, քանի որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում դատապարտյալների հետ մեր աշխատանքը ցույց տվեց, որ կրթության կազմակերպումը եւ օրենսդրության բարելավման տեսանկյունից, եւ ընթացիկ խնդիրների կարգավորման առումով, անչափ կարեւոր է ազատազրկված անձանց համար, որովհետեւ մենք գործ ունենք ոչ միայն կրթության իրավունքի իրացման հետ, այլեւ կրթությունը պետք է դիտարկենք որպես ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարեւոր բաղադրիչ»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Հանրակրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ծրագրի շրջանակում իրականացնում են հետազոտություն, որի արդյունքներն ամփոփման փուլում են: Ապա ընդգծեց, որ իրենց աշխատանքների ընթացքում հիմնական խոչընդոտը, որի հետ առերեսվում էին, այն էր, որ հանրակրթության կազմակերպման առումով առկա է օրենսդրական խնդիր, եթե հարցը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին:

«Գործող օրենսդրությամբ հանրակրթական կրթությունը պարտադիր է մինչեւ անձի 19 տարին լրանալը, բայց մեր դիտարկումները քրեակատարողական հիմնարկներում ցույց տվեցին, որ բազմաթիվ են անձինք, որոնց 19 տարին լրացել է, սակայն չունեն կրթություն: Մինչդեռ դա կարեւոր է ոչ միայն անձի տարրական գրագիտության տեսանկյունից, այլեւ այն առումով, որ անձը կարողանա պլանավորել իր հետագա կրթությունը՝ լինի մասնագիտական, թե բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը, ինչը կօգնի նաեւ աշխատանքի հարցում»:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահը նշեց, որ Արթիկ ՔԿՀ-ում գործում է Արթիկի երեկոյան դպրոց ՊՈԱԿ-ը, որը իրականացնում է 19 տարին լրացած անձանց կրթություն, բայց ՊՈԱԿ-ը մինչ օրս չունի հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում:

«Լիցենզավորման մասին օրենքով լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացվեն որոշ փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերը ՊՈԱԿ-ը չի կարող ներկայացնել այն հանգամանքով պայմանավորված, որ հիմնարկի ներսում է գործում, եւ այդ հիմնարկը որպես ուժային կառույց ՝ այդ փաստաթղթերը չի կարող դուրս բերել: Ուստի շատ կարեւոր է, որ արդարադատության եւ կրթության համակարգերի միջեւ երկխոսություն լինի…

Սովորաբար քրեակատարողական հիմնարկները թողնում ենք արդարադատության նախարարության տիրույթում, ինչը միանշանակ ճիշտ է, բայց նաեւ պիտի հիշենք, որ կրթության ոլորտի քաղաքականություն մշակողը ԿԳՄՍ նախարարությունն է… Ազատագրված անձանց կարիքներն ու առանձնահատկությունները ոչ միայն բանավոր պետք է ճանաչենք, այլեւ դրանք պետք է ամրագրվեն անհրաժեշտ իրավական ակտերում»,-ասաց Նարե Հովհաննիսյանը:

Հավելենք, որ մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման տեսակի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից  համայնքում դպրոց չեն հաճախում, քանի որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հետեւողականություն ցուցաբերելու մեխանիզմներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31