Այս տարվա հունվարի 1-ից վարկառուն պետք է եկամտային հարկի գումարի վերադարձի դիմումը ներկայացնի բացառապես էլեկտրոնային եղանակով: Նախկինում գործում էր նաեւ Պետական եկամուտների սպասարկման սրահներ այցելելու տարբերակը:
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը ներկայացրեց համակարգը եւ, թե ինչպես պետք է շահառուներն օգտվեն այդ հարթակից:
Ըստ նրա, եթե նախկինում շահառուն բանկերից, վարկային կազմակերպություններից վերցնում էր տեղեկանք, լրացնում դիմում եւ ներկայացնում ՊԵԿ ապա, հիմա դրա անհարժեշտությունը չկա: Շահառուները կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել դիմումները:
Նախ՝ շահառուն պետք է բանկերին եւ վարկային կազմակերպություններին տա համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան ՊԵԿ-ին ներկայացնել շահառուների կողմից վճարված տոկոսագումարի վերաբերյալ տեղեկատվությունը:
Կարդացեք նաև
Հաջորդ քայլով՝ շահառուն պետք է գրանցվի էլեկտրոնային հարթակում, որի համար պետք է ՊԵԿ-ին ներկայացնի էլեկտրոնային փոստի հասցե: Ինչպես Արմինե Հովսեփյանը նշեց՝ շահառուն էլեկտրոնային հասցե կարող է տրամադրել նաեւ ներկայանալով սպասարկման սրահ, կամ՝ էլեկտրոնային եղանակով անձնական էլ հասցեն ուղարկել ՊԵԿ-ի կայք էջում տեղադրված էլեկտրոնային հասցեներին, եւ եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, դրանով ստորագրել հայտն ու ներկայացնել ՊԵԿ-ին. «Այդ գործողություններից հետո շահառուին տրամադրվում է հղում եւ շահառուն, անցնելով այդ հղումով` կարող է լրացնել հանրային ծառայության համարանիշը, մուտքանուն եւ գաղտնաբառ եւ մուտք գործել էլեկտրոնային հարթակ: Եթե շահառուն մոռանում է մուտքանունը կամ գաղտնաբառը, կա կոճակ, որտեղ սեղմելով, ՊԵԿ-ի կողմից դարձյալ ուղարկվում են այդ տվյալները»,-պարզաբանեց ՊԵԿ պաշտոնյան:
Նրա խոսքով, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուները կարող են իրենց բանկային հաշիվներին ստանալ եկամտահարկի վերադարձի գումարը, բայց լինում են դեպքեր, որ գումարը շահառուին հասնում է դիմումը լրացնելուց կես ժամ հետո:
Արմինե Հովսեփյանի տվյալներով, նոր համակարգին անցնելուց հետո 2 հազար 346 շահառու արդեն ստացել են իրենց գումարները, որն, ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիարդ դրամ: Նրանք գումարները ստացել են 1 օրվա ընթացքում: Կոմիտեի ներկայացուցչի խոսքով, նախկինում սահմանված էր առավելագույնը 19 աշխատանքային օր:
2020 թվականին եկամտային հարկի վերադարձի գումարներ ստացող շահառուների թիվը եղել է 12 հազար 322, եւ վերադարձվել է 13, 3 միլիարդ դրամ: 2021-ին վերադարձվել է 22,7 միլիարդ դրամ, շահառուների թիվը կազմել է 21 հազար:
Արմինե Հովսեփյանը նշեց, որ հիմնական շահառուները բնակարանները ձեռք են բերել Երեւանում:
Դիտարկմանը՝ շահառուները դժգոհություն ունեն, որ դիմումն ուղարկելուց հետո ծանուցում չեն ստանում՝ արդյոք այն անխափան տեղ է հասել, տիկին Հովսեփյանն ասաց, որ իրենք էլ նման բողոքներ ստացել են եւ հիմա համակարգում փոփոխություններ են կատարում, որպեսզի շահառուն պատշաճ ծանուցվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ