Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը մատնված է անգործության՝ դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացների նկատմամբ հսկողություն իրականացնելուց

Հունվար 19,2022 15:00

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի բոլոր դատապարտյալները տեղափոխվել են Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, այդ թվում և փաստաբան Լուսինե Մկրտչյանի պաշտպանյալը։

Ըստ փաստաբանի՝ «2021 թվականի դեկտեմբերի 25-ին պետք է կայացված լիներ իմ պաշտպանյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշումը։ Հունվարի 12-ին գրավոր դիմել եմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն իմ պաշտպանյալի վերաբերյալ որոշումը, ԱՆ Քրեակատարողական և Պրոբացիոն ծառայության եզրակացությունները և այլ վերաբերելի բոլոր նյութերը տրամադրելու համար։ Իմ դիմումից հետո Պրոբացիոն ծառայությունը հարցազրույց է անցկացրել պաշտպանյալիս հետ ու կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, որը պետք է կատարած լիներ 2021 թվականի դեկտեմբերի 25-ից նախորդող 60-օրյա ժամկետում՝ ըստ համապատասխան իրավակարգավորումների։ Եվ ստացվում է, որ եթե ես գրավոր չդիմեի, պատասխանատու մարմինները տեղից չէին շարժվի»։

Փաստաբանն ասում է, որ գլխավոր պատասխանատուն ՀՀ դատախազությունն է, որն անգործություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել՝ հետամուտ չլինելով իր սահմանադրական առաքելության կատարման նկատմամբ, այն է՝ հսկողություն իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։ «Եթե իմ պաշտպանյալի նկատմամբ են, ով ունի մի շարք հիվանդություններ, խնամքին հաշմանդամ ծնող, անտարբերություն ցուցաբերել, ապա կարելի է հետևություն անել, թե ինչ է վիճակում են այն դատապարտյալները, ովքեր չունեն պաշտպան ու, հավանաբար, չեն ցանկանում բողոքարկեն այդ անգործությունը՝ մտավախություն ունենալով, թե իրենց վերաբերյալ հնարավոր դրական եզրակացություն չի տրվի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ և համապատասխան որոշում չի կայացվի՝ հենց այդ բողոքի պատճառով»,-երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբանը:

ՀՀ դատախազության անգործության դեմ և իր պաշտպանյալի իրավունքների և ազատությունների խախտումների ճանաչման պահանջով, երեկ՝ երկուշաբթի օրը փաստաբանը բողոք մուտքագրեց դատարան: Նմանատիպ ահազանգ հասցեագրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ նաև մյուս դատապարտյալների իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների մասով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31