Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ եւ ԼՂԻՄ-ի նույնականացման ծուղակում չպետք է հայտնվենք. Դավիթ Բաբայան

Հունվար 19,2022 13:38

«Յուրաքանչյուր բանակցություն ունի բաց եւ փակ ձեւաչափեր, ես մասնակից եմ եղել այդ գործընթացներին 1998 թվականից՝ տարբեր կարգավիճակներով: 1998-2000-ականներին ԱՀ ԱԳ նախարարությունում գործում էր բանակցությունների հետ կապված վերլուծական-մասնագիտական խումբ, որի ղեկավարը ես էի: Մենք նախագահին ներկայացնում էինք տարբեր վերլուծական մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Ոմանք, իսկապես, մեծ դերակատարում ունեցան: Չեմ ուզում հիմա գովազդել, բայց նույն այդ ընդհանուր պետության գաղափարը, որն Ադրբեջանը տապալեց, նաեւ մեր աշխատանքի արդյունքն է եղել: Տեղյակ եմ, ընդհանուր առմամբ, բոլոր մոտեցումներին, պաշտոնական առաջարկներին, որոնք եղել են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ինքն ի՞նչ չափով է տեղյակ Արցախի հարցի բանակցային գործընթացից:

Հիշեցնենք, վերջերս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանում հայտարարել էր, որ լինելով ԱՀ վարչապետ, ապա նախագահ, ինքը անտեղյակ է եղել բանակցային գործընթացի շատ մանրամասներից:

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս, ըստ բանախոսի, ընդհանուր առմամբ երկու հարց պետք է նկատի ունենալ՝ կարգավիճակի եւ սահմանների: Քաղաքական այլ հարցեր, ըստ նրա չկան, բայց դրանց գումարվում են մարդասիրական խնդիրներ, այդ թվում՝ նաեւ փախստականների վերադարձ: Դավիթ Բաբայանը հավաստում է՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը գրեթե անփոփոխ է եւ ի սկզբանե էլ իրենք բացառել են Արցախի ենթակայությունն Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ դա լինի: Նա նկատեց, որ առաջարկվող ընդհանուր պետության գաղափարը, որից Ադրբեջանը հրաժարվեց, ենթադրում էր կոնֆեդերատիվ պետություն՝ հավասար իրավունքներով: Բայց Արցախի համար կարմիր գիծ է մնում Ադրբեջանի կազմում լինելը, հակառակ պարագայում, Արցախ չի լինի:

Ապա ասպարեզ եկան հարցի լուծման փաթեթային եւ փուլային տարբերակները, սակայն Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակն էլ տարբերվում է հայկական կողմի առաջարկած տարբերակից: «Օրինակ, իրենք ասում էին, պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ շրջաններ էին ուզում, իբրեւ առաջին փուլ: Մենք էլ ասում էինք՝ ոչ, եթե փուլային եք ուզում, սկզբում ճանաչեք մեր անկախությունը: Այսինքն, սրանք այն հարցերն էին, որ մենք միշտ բարձրաձայնել ենք»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմերը երբեք չեն հրաժարվել նաեւ փախստականների վերադարձի հարցը քննարկելուց, բայց առաջնային են համարել եւ պնդել են, որ այդ մասին խոսք կարող է գնալ բացառապես քաղաքական հարցերի՝ սահմանների, կարգավիճակի, լուծումից հետո եւ վերադարձը կարող է լինել միմիայն հայելային: Այսինքն, հայերը վերադառնան նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ եւ այլն, ինչին Ադրբեջանը չի համաձայնում եւ իր փախստականների վերադարձը դիտարկում է ոչ թե մարդասիրական համատեքստում, այլ Արցախը կլանելու:

Դավիթ Բաբայանը լուրջ է համարում նաեւ հարցը, թե ո՞ր երկրի իրավահաջորդն է լինելու Արցախը եւ նկատում, որ այս հարցում հայկական քաղաքական եւ միտքը միմյանց հետ պատերազմի մեջ են, թեեւ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն եւ եղել է բոլոր հայկական թագավորությունների բաղկացուցիչ մաս: Ավելին, երբ միացյալ Հայաստանը կորցնում էինք, Արցախը որեւէ կերպով՝ փաստացի ինքնակառավարվող, ինքնավար կամ այլ կարգավիճակով, պահպանում էր իր անկախությունը ու այդ ամենը պետք է նշվի պետության անձնագրում: Նա տարակուսում է, որ հարյուրամյա պատմություն ունեցող Ադրբեջանը հայտարարում է՝ իբր Երեւանն էլ է իրենցը, իսկ մենք, մեր եղածը չենք ամրագրում:

Խոսելով նորագույն պատմության շրջանի մասին՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Կա մի շատ կարեւոր հարց, որի ծուղակում մենք չպետք է երբեւէ հայտնվենք. դա Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ ԼՂԻՄ-ի նույնականացումն է: Սա շատ վտանգավոր է՝ լինի դա որպես կազմավորում, թե սահմանների հարց, որովհետեւ ցանկացած նույնականացում կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունն առհասարակ»: Ըստ նրա, ԼՂԻՄ-ը մեր պետականության կարեւոր էջերից մեկն է, թեեւ մեր կամքին հակառակ է դա եղել եւ նույնիսկ դա է ապացույցներից մեկը, որ Լեռնային Ղարաբաղը ունեցել է հարուստ պետականության պատմություն, որն անտեսել անգամ խորհրդային միության տարիներին չեն կարողացել ու այդ պետականությունը էվոլյուցիոն կերպով զարգացել եւ դարձել է ԼՂՀ պատմություն՝ Շահումյանի եւ Գետաշենի շրջանների հետ համատեղ. 1992-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ ինքնավար մարզը դադարել է իր գոյությունը՝ դառնալով ԼՂՀ հիմքերից մեկը:

Այժմ Արցախը չունի սահմաններ, ունի շփման գիծ, բայց դա, ըստ բանախոսի, չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավաքաղաքական, պատմական ժառանգությունից: Հրաժարումը՝ կնշանակի աշխարհաքաղաքական եւ բարոյահոգեբանական միանգամայն այլ իրավիճակներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31