Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրք նվիրելը մշակույթ է եւ մտերմություն է ենթադրում». Դավիթ Սամվելյան

Հունվար 19,2022 13:10

Գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը, որը կանցկացվի «Արմենպրեսի» հետ համատեղ: Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրեսի» էջում տեղադրված կլինի մրցութային առաջադրանքը, որը հաղթահարողներին անակնկալներ են սպասվում:

Գոհար Մանուկյան

«Սովորաբար, երբ հայտարարվում են նման մրցույթներ, միանգամից ակտիվությունը սոցիալական ցանցերից կարելի է նկատել: Պատվերներն են նաեւ շատանում: Հետաքրքիր է, որ գիրքն արդեն դարձել է հարմար նվեր: Փորձը ցույց է տալիս, որ երբ գրքեր ենք գնում, դրանց 25 տոկոսն ենք կարդում, բայց ամեն դեպքում նման միջոցառումները նպաստում են թե գրքի առաջխաղացմանը, թե հրատարակչության վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալուն»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը:

Ռոզա Գրիգորյան

«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը նշեց, որ ողջունելի է նման նախագծի իրականացումը; «Փետրվարին մոտենում է գրքի տոնը, իսկ նմանօրինակ միջոցառումները բերում են նրան, որ գիրքը դարձել է ոչ միայն գրքի տոնի նվեր, այլ գիրք նվիրում են այլ առիթներով եւս՝ Ամանոր, ծննդյան օր, տարբեր իրադարձություններ»:

Հայկ Համբարձումյան

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի խոսքով, որքան շատ լինեն գրքի տոները, այնքան հասարակությունը կմոտենա գրքին, կգնի ու կընթերցի. «Խնդիրը միայն գիրք գնելը չէ, մարդիկ գիրքը պետք է տեսնեն իրենց առօրյայի մեջ, կենցաղում, հոգսերի մեջ»: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանին, որի նախաձեռնությամբ գրքի տոնը ծնվեց: Հայկ Համբարձումյանն ընդգծեց, որ գրքի հետ կապված միջոցառումների ժամանակ, եթե համապատասխան լուսաբանում է լինում, գրքի վաճառքը 30-40 տոկոսով աճում է:

Լորիս Վարդանյան

«Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանի խոսքով, մշտապես շատ մեծ ակտիվություն է առաջանում գրքի տոնից մեկ շաբաթ առաջ. «Կարող ենք նման գնահատական տալ՝ փետրվարի 19-ը որպես գրքի տոն, կայացել է: Վաճառվում են գրքեր տարբեր բաժիններից, բայց առավելապես մանկական եւ գեղարվեստական գրականություն է վաճառվում այդ օրերին»:

Դավիթ Սամվելյան

«Երբ առաջին անգամ մեր գրքերից մեկի վրա տեսա՝ համար 1 բեսթսելեր, զարմացա՝ ո՞նց կարող է Հայաստանում բեսթսելեր գիրք լինել, այն էլ հեքիաթների գիրք էր: Խոսքը «Աշխարհի իմաստուն հեքիաթների» մասին է, որի մրցանակաբաշխությանը ներկա էի որպես հեղինակ, եւ ինքս բախտ ունեցել եմ հայտնվելու բեսթսելերների ցանկում»,- նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Գիրք նվիրելը մշակույթ է, որը ոչ միայն հաճելի պրոցես է, այլեւ նվիրողին ստիպում է ճանաչել այն մարդու նախասիրությունները, ում գիրք է նվիրում: Գիրք նվիրելը մտերմություն է ենթադրում»:

Դավիթ Սամվելյանի խոսքով, «Արմենպրեսի» բեսթսելերների նախագիծը նպաստում է, որ գրողները, հրատարակիչներն ու գրախանութները շահած դուրս գան: «Գրքի տոնը եւ Գրքի երեւանյան փառատոնը ստիպում են հրատարակիչներին, որ պատրաստվեն այդ տոներին, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն սպառվող գրքերը պետք է ներկայացվեն, այլեւ նորություններով հանդես գան: Ընթերցողը այդ օրերին գրախանութ է մտնում երկու բանի համար՝ նոր գիրք տեսնելու եւ զեղչերի: Թեեւ տոների օրերին գրքերը զեղչված են լինում, բայց դրան զուգահեռ՝ եւ քանակային, եւ ֆինանսական առումով գրքերի սպառումն աճում է: 20-30 տոկոսով գրքի սպառումը հրատարակչությունների համար աճում է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31