Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր կառավարության հեղինակած՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով գործադիրը 13 տեսակի գործունեության համար հեշտացնում է օտարերկրյա տնտեսվարողների գործունեությունը ՀՀ-ում՝ նպատակ ունենալով ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում ավելի լայն մասնակցություն ապահովել օտարերկրյա ընկերությունների համար։
«Եթե որեւէ երկրում գործունեություն իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվում, ապա ընկերությունը կարող է դիմել եւ ՀՀ-ում իրականացնել գործունեություն»,-տեղեկացրեց Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ նախագիծն ակտիվացնելու է բիզնես միջավայրը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտարարեց՝ տպավորություն է, թե ՀՀ-ում ամեն ինչ լավ է, չկա անվտանգային մարտահրավեր։
Նրա բնորոշմամբ՝ ներդրողն իրականում ՀՀ չի գալիս անվտանգային խնդիրներից ելնելով եւ հարկային ոչ բարենպաստ պայմանների պատճառով․ «Երբ դուք այս օրինագիծը բերում էինք, ռիսկերը հաշվարկե՞լ եք։ Կամ, երբ ասում եք, որ որեւէ երկրում չկա լիցենզավորում, այդ երկրից հարցրե՞լ եք՝ հայ տնտեսվարողը կարո՞ղ է առանց լիցենզավորման գործունեություն ծավալել տվյալ երկրում։ Հայ տնտեսվարողի շահերը չեն պահպանվում։ Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողն ավելի բարենպաստ պայմաններում է գտնվելու, քան տեղի ներդրողը։ Գուցե այս օրինագիծը բերում եք կոնկրետ երկրի՞ համար։ Ստամբուլ-Երեւան թռիչքները փաստ են»։
Կարդացեք նաև
Ապա ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հիշեցմանը, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում Վահան Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ։ «Ձեր քաղաքական թիմի անդամներից ոմանք ասում էին, որ եթե ՔՊ-ն ընտրություններում հաղթի, մենք կարտագաղթենք։ Ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․Ստամբուլ․․․լավ է, ոչ մի բան»,-ասաց Վարդանյանն ու ձեռքը թափահարելով՝ իջավ ամբիոնից։ Դահլիճից ծիծաղ լսվեց։
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ այսպիսի ելույթ ունեցավ․ «Ակցիա՝ Երեւան-Ստամբուլ-Երեւան, 96 000 դրամ․ սիրով սպասում ենք ձեզ՝ «Անռիվա տուր»․․․տեղեկացնեմ, որ այս տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրենն է Հռիփսիմե Ստամբուլյանը, որը մի քանի րոպե առաջ մեր վրա էր մատ թափ տալիս, որ Երեւան-Ստամբուլ չվերթներ կան։ Որոշել էի, որ ընդդիմության ամեն սադրանքին ու մանիպուլյացիային չեմ պատասխանի, բայց սա մի տեսակ արդեն շատ էր։ Ով-ով, գոնե դուք այդ թեմայից չպետք է խոսեք, տիկին Ստամբուլյան, որովհետեւ տարիներ շարունակ գումար եք վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։
Նույն թեմայով ելույթ ունեցավ նաեւ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը․ «Ժողովուրդ, դուք վերջն եք, չկա սենց բան․․․Երեւան-Ստամբուլ չվերթները նախաձեռնվել են 2003թ․-ին։ Առաջին չվերթը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ ՀՅԴ-ականներն արդեն իշխանության մեջ էին․․․երեսպաշտության բացառիկ օրինակ է, սա խայտառակություն է։ Եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով, պատկերացնո՞ւմ եք, թե տակն ինչ է մնալու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ