Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախն ու Հայաստանը նոր պատերազմի շեմի՞ն են. Դավիթ Բաբայանի անդրադարձը Ալիեւի վերջին հայտարարություններին

Հունվար 19,2022 12:34

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին այցելությունն Արցախ եղել է 2019 թվականի վերջին: Այցերի հետաձգման պատճառ նախ համավարակն էր, ապա 44-օրյա պատերազմը, բայց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ է որակում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով համանախագահների այցին վերաբերող հարցին, Դավիթ Բաբայանն ասաց. «Կարեւոր խոչընդոտը՝ քաղաքական առումով, Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել իրենց այցելությունը տարածաշրջան: Իհարկե, մենք կապի մեջ ենք իրենց հետ: Գիտեք, որ ԱՀ նախագահի եւ ՌԴ-ի նորանշանակ համանախագահի հետ Երեւանում ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը (լուսանկարը՝ այդ հանդիպումից.-խմբ), ինչը մենք բարձր ենք գնահատում, որովհետեւ այսպիսի հանդիպումը կարելի է համարել համանախագահների հետ հանդիպումներից մեկը: Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ»:

Դավիթ Բաբայանը հուսով է, որ համանախագահների այցը տարածաշրջան, մասնավորաբար, Արցախ, մի օր տեղի է ունենալու: Բնական է համարում, որ Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել դրան. «Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը. փաստորեն, ըստ այդ տրամաբանության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է փակվի: Բայց, իհարկե, չեմ կարծում, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրները այդ շանտաժին կտրվեն եւ Ադրբեջանը կհասնի իր նպատակին: Նպատակներին հասնելը դժվար է, բայց շատ ավելի հեշտ է խոչընդոտելը»: Արցախում, համենայնդեպս, սպասում են համանախագահների այցին, բայց տարբեր խողովակներով կապ ունեն եւ կարողանում են գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունն ու Արցախի դիրքորոշումները փոխանցել համանախագահներին:

Պատասխանելով Ադրբեջանի նախագահի՝ հնարավոր պատերազմ սկսելու մասին հայտարարություններին վերաբերող հարցին էլ, այն համատեքստում, որ գրեթե ամենօրյա ռեժիմով շփման գծում սադրանքներ են իրականացվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Նոր պատերազմ կարող է սկսվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել պատերազմի վերսկսման լիակատար հնարավորությունը, դա անհնար է երաշխավորել: Բայց կա՞ հավանականություն պատերազմի վերսկսման. այս համատեքստում, այդ հավանականությունը շատ փոքր է : Ինչո՞ւ: Քանի որ Հայաստանի վրա պաշտոնական, լայնածավալ հարձակումը, ես նկատի չունեմ տարբեր սադրանքները, որոնք Ադրբեջանը հրահրում է Հայաստանի հետ սահմանին, կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, ինչը չի կարող աննկատ մնալ: Մենք տեսանք Ղազախստանում համանման զարգացումներ եւ տեսանք ՀԱՊԿ-ի առաջին արձագանքը: Կնշանակի՝ հարձակումը Հայաստանի վրա կլինի հարձակում ՀԱՊԿ-ի, ծայրագույն դեպքում՝ ՌԴ-ի վրա, առավել ևս, եթե այդ ագրեսիային միանա Թուրքիան: Սա, ինչ վերաբերվում է Հայաստանին: Ինչ վերաբերվում է Արցախին, ապա, ինչպես գիտեք, այստեղ խաղաղությունը եւ կայունությունը պահպանվում-պաշտպանվում է, այդ թվում նաև ռուս խաղաղապահների կողմից: Այսինքն, հարձակումը Արցախի վրա, ավտոմատ կնշանակի ռուս խաղաղապահների եւ ՌԴ-ի վրա հարձակում: Այս համատեքստում՝ դա արդեն կլինի այլ բնույթի պատերազմ, դա չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ պատերազմ: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում այս ամենը չեն հասկանում: Հետեւաբար, այս փուլում, կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ քիչ հավանական է»:

Ըստ Դավիթ Բաբայանի, եթե Ղազախստանում ահաբեկիչները, պանթուրքիստները եւ այլ արմատականորեն տրամադրված տարրերը հասնեին իրենց նպատակին, ապա չորրորդ պատերազմի սկսվելու հավանականությունը գրեթե հարյուր տոկոսանոց կլիներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31