«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր ԱԺ լիագումար նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում խոստում տվող ու այն դրժող մարդկանց։ Նա ամբիոնից միացրեց Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, որ 2021թ․-ին երկնիշ տնտեսական աճ չլինելու դեպքում ինքը հրաժարական է տալու, սակայն չտվեց․ «Ե՞րբ եք հրաժարական տալու։ Դուք այսպես նսեմացնում եք ձեր անձի եւ խոսքի հանդեպ վստահությունը՝ զրո․․․»։
Եզրափակիչ ելույթի ժամանակ Վահան Քերոբյանը հարցադրմանը չանդրադարձավ։
Հարցի իրավունքից օգտվելով՝ Արեգնազ Մանուկյանը կրկին հարցրեց, թե երբ է հրաժարական տալու․ «Ուզո՞ւմ եք՝ մի հատ էլ միացնեմ ձայնագրությունը։ Թե չեք հիշում ձեր խոստումը, որը մնացել է տնտեսական ակտիվության, այսինքն՝ խցանման մեջ»։
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ձեր միացրած ձայնագրությունը կիսատ է։ Եթե ամբողջությամբ միացնեք, պարզ կլինի, որ կատակով արված արտահայտություն է»։
Դահլիճից ծիծաղ լսվեց։ «Կարող եք ծիծաղել, դա ձեր իրավունքն է։ Կոնտեքստը կատակով է եղել, ասել եմ՝ գո՞հ եք։ Դուք նման պատվախնդրությամբ թակո՞ւմ եք միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել եւ վրիպել են՝ շատ ավելի շատ, քան ես։ Դուք հետեւողակա՞ն եք ձեր բոլոր հայտարարություններում, թե ուղղակի զվարճանում եք»։
Արեգնազ Մանուկյանն արձագանքեց, որ նման խոսքերից հետո նախարարի բոլոր ասածները ստիպված են լինելու կատակով ընդունել․ «Դուք պարզապես ստել եք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ