Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե Հայաստանի ո՞ր բնակավայրերում է խափանվել վարչապետին սպասարկող ծառայողական մեքենան և որքա՞ն գումար է հատկացվել վերանորոգման համար: Հարցման նպատակն էր կատարել հաշվարկներ և պարզել՝ արդյո՞ք, ինչպես պնդում է Փաշինյանը, բյուջեի համար առավել շահեկան է նոր ավտոմեքենա գնելը, քան հները վերանորոգելը:
Փաշինյանի բնորոշմամբ՝ Երրորդ հանրապետության մեջ ամենաթափանցիկ կառավարությունը, սակայն, մեր գրավոր հարցումը մերժել է, տեղեկությունները չեն տրամադրվել՝ դրանք համարելով ծառայողական և պետական գաղտնիք:
Հիշեցնենք՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն արվեց, որի համաձայն՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:
2019 թվականին հայտնի դարձավ, որ պետբյուջեի հաշվին «պադավատապետությունը» սուր քննադատող Նիկոլ Փաշինյանի համար «Mercedes-Benz» S դասի՝ ամբողջությամբ զրահապատ ծառայողական մեքենա է գնվել, որի արժեքն այդ թվականին 350.000 դոլար էր։
Կարդացեք նաև
Մեկ ամիս առաջ ձեռք բերված 200 հազար դոլար արժողությամբ BMW-ով շրջող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ իր մեքենան խափանվել է Երևանում, Գյումրիում, Կոտայքում, Տավուշում:
Ալեն Սիմոնյանը ևս չի տրամադրում տեղեկություններ, թե որքան գումար են ծախսել վերանորոգումների համար, որպեսզի հնարավոր լինի վերլուծել՝ արդյո՞ք գնելն է շահավետ, թե՞ վերանորոգելը:
Վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերի կողմից պետական պաշտոնյաներին սպասարկող տրանսպորտային միջոցների ծախսերի մասին տեղեկությունները չտրամադրելը, ըստ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ուշագրավ է, որ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիք է համարել նաև այն բնակավայրերի անունները, որտեղ, ըստ Փաշինյանի, մեքենաները խափանվել են և «բրթել-խոդի գցելու» անհրաժեշտություն է առաջացել: Վարուժան Հոկտանյանն արձանագրում է՝ բաց և թափանցիկ կառավարման մասին հեղափոխական խոստումներ տվող իշխանություններն այլևս այնքան էլ հեղափոխական չեն:
Ծառայողական մեքենաների թիվը, մինչդեռ, 2022 թվականի բյուջեով աճում է 10 ավտոմեքենայով: Բյուջեի նախագծի համաձայն՝ հարկատուների միջոցներից գումարներ կուղղվեն 933 մեքենայի պահպանմանը:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ