«Նախկինում ես էլ էի կարդում նրան, բայց ասում էի. «Սա ինձ չի վերաբերվում, որովհետեւ մաքուր հայ չեմ»: Հրանտ Դինքի մահը ստիպեց ինձ ամոթ զգալ, որովհետեւ նա ինձ նմաններին մոբիլիզացնել ցանկացող մարդն էր: Ես միշտ խուսափել եմ հայկական համայնքից, որովհետեւ հայերեն չգիտեմ… Փոքր ժամանակ անունս լսելիս հարցնում էին՝ թո՞ւրք չես: Միշտ կրկնում էի այն, ինչ մայրս էր սովորեցրել . «Ես հայ ծագումով թուրք եմ»:
Հրանտ Դինքն ստիպեց աշխարհին բաց հայացքով նայել: Հրանտ Դինքից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել: Երբեք հայ տղայի հետ չեմ հանդիպել, Հրանտ Դինքից հետո Սերհատի հետ ծանոթացա: Նա խոսում էր Դինքի մասին, եւ այդ ամենն սկսվեց հայ լինելու հարցի շուրջ: Հրանտ Դինքը շատ կարեւոր է հորս եւ մորս համար: Նրանք շատ են փոխվել: Նրանց շատ էր զարմացրել «Բոլորս հայ ենք» կարգախոսը: Նրանք դա համեմատում են իրենց անցյալի հետ եւ մտածում. «Մի՞թե սա հնարավոր է»: Առաջին անգամ խոստովանեցին. «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որեւէ խնդիր չունենաս…»: Հորս աչքերն արցունքով են լցվում: Եվ նա նույնիսկ ասում է. «Կարծում ես՝ պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…»:
Լեյլա ՆԵՅԶԻ
Չնայած այն իրողությանը, որ հաջորդաբար սպառնալիքներ էր ստանալու այս երկրում ազատորեն գործող ազգայնական խմբավորումներից, միեւնուն է, արհամարհելով այդ ամենը՝ բարձրաձայնելու էր իր մտահոգությունները տեղի հայության վիճակի մասին, ժողովրդական տարբեր հարթակներում ու կազմակերպություններում ելույթներ ունենալով՝ ընդգծելու էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մանավանդ հայ համայնքի իրավունքների հարցը: Իսկ Հայոց ցեղասպանության խնդրում բացահայտորեն հակադրվելով թուրքական անմեղսունակ ձեւացնող այն պնդումներին, թե 1915-ին տեղի ունեցածը պատերազմական իրադարձությունների ու բախումների հետեւանք է եղել եւ ոչ նպատակային կոտորած, Դինքը ենթարկվելու էր բացահայտ հալածանքների եւ 2005-ին վեցամսյա պայմանական բանտարկության դատապարտվելու:
Կարդացեք նաև
«Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել,-գրելու էր ըմբոստ, բայցեւ խաղաղասեր խմբագիրը:- Եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի-հաճելի մարդկանց տպավորություն են թողնում… Բայց, ամեն դեպքում, ինչու նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետեւ նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չեն ցանկանա անել դա, եւ այդ իսկ պատճառով չեն կարողանում հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան…»: Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, նա կոչ էր անում երկխոսության. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից…»:
Անկախ հանուն հաշտեցման ու համատեղ խաղաղ գոյակցության իր գործադրած ջանքերից, հրազենային «յաթաղանի» զոհ էր դառնալու հիսուներեքամյա գործիչը, որ համոզված էր, թե «չեն կրակում աղավնիների վրա»: Բայց կրակեցին: Եվ այդ կրակոցների արձագանքը լսվեց աշխարհով մեկ:
Թուրքահայ ճանաչված բանաստեղծ Զահրատը գրեց. «Աղավնիներ համոզեցին, որ իրենց վրա չեն կրակեր. Հրանտ Դինք հավատաց: Թեպետ երկչոտ՝ հավատաց, թե ինք աղավնի մըն է:
Բայց կրակեցին:
Նախատեսված էր. մեկ քանի տարի առաջ ըսած էր ինծի.
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝ անկողնի մեջ…»:
Թող պառկի լույսերու մեջ:
Եթե մեզի հարցնեք՝ ան միշտ հաղթական պիտի կանգնի՝ անաղարտ արձանի մը պես…»:
Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չե՛ն կրակում…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: