Ի տարբերություն մեր շատ քաղաքացիների՝ ես կարծում եմ, որ Հայաստանը պարտավոր է բանակցել Թուրքիայի հետ՝ հարաբերությունները կարգավորելու հարցով: Թե ինչ օրակարգով, ինչպիսի «կարմիր գծերով»՝ դա առանձին խնդիր է: Բայց խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս բանավեճը ոչ այնքան բանակցությունների բովանդակության մասին է, որքան Հայաստանի ներկայացուցչի անձի շուրջ: Հիմնական մեղադրանքն այն է, որ նա չի տիրապետում դիվանագիտական հմտություններին եւ դրանով խիստ տարբերվում է իր թուրք «զրուցակցից»: Դա, իհարկե, խնդիր է, բայց՝ ոչ ամենակարեւորը: Ի վերջո, որոշումն ընդունողը վարչապետն է, եւ եթե անգամ մեր բանագնացը Թալեյրանը լիներ, միեւնույն է, Փաշինյանն անելու է այն, ինչ արդեն իսկ որոշել է եւ ինչը համաձայնեցրել է ռուսական կողմի հետ:
Բայց հետագայի համար, հավանաբար, պետք կլինի հաշվի առնել, որ նման լուրջ բանակցություններում Հայաստանը ներկայացնող անձը չպիտի ներգրավված լինի ամենօրյա, կասեի անգամ՝ այսրոպեական ներքին քաղաքական պայքարի մեջ եւ պարտադրված չպիտի լինի մասնակցել ամենօրյա խորհրդարանական լեզվակռվին: Ձեւով՝ այդ լեզվակռիվը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, բայց բովանդակությամբ ներքաղաքական է՝ «դու թուրքամետ դավաճան ես – չէ, դո՛ւ ես թուրքամետ դավաճանը»:
Ռուբեն Ռուբինյանն, իհարկե, կարող է ավելի զուսպ, սառնասրտորեն պատասխանել խորհրդարանական ընդդիմության կոշտ մեղադրանքներին, բայց ընդհանրապես չպատասխանել, հավանաբար, չի կարող՝ քաղաքական թիմի ակտիվ անդամներից մեկն է, Ազգային ժողովի փոխնախագահ, «հեղափոխական բարիկադներում» կանգնած գործիչներից մեկը: Չեմ պատկերացնում, թե ինչպես նա, խորհրդարանի նիստերի գալով, ի վիճակի կլինի «հեռավորություն պահել» փոխադարձ վարկաբեկումներից, «կոմպրոմատների պատերազմից» եւ այլն: (Ի դեպ, այդ «պատերազմի» շրջանակներում աչքովս ընկավ մի հրապարակում, որտեղ պատգամավորի հորը՝ ժամանակին ԱԺ փոխնախագահ եղած Կարապետ Ռուբինյանին, վերագրվում էին մեղքեր այն իրադարձություններում, որոնցում նա դերակատարություն չէր կարող ունենալ):
Ես հիշեցնեմ, որ 1992-94 թվականին ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը նույնպես դիվանագիտական կրթություն չուներ, նույնպես քաղաքական թիմի անդամ էր, բայց նա, այդ աշխատանքը կատարելու ընթացքում, ազատված էր ընդդիմության հետ «բլիժնի բոյ» մտնելու պարտականությունից եւ ավելին՝ նորմալ գործնական հարաբերություններ ուներ ընդդիմադիր կուսակցությունների հետ:
Կարդացեք նաև
Իհարկե, այսօր իդեալական լուծումը կլիներ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ նշանակել որեւէ պրոֆեսիոնալ դիվանագետի: Բայց քանի որ դա ֆանտաստիկայի ոլորտից է, կարելի է այդ բանակցությունների ընթացքում ինչ-որ ձեւով սահմանափակել ԱԺ փոխնախագահի զուտ քաղաքական գործունեությունը, իսկ խնդրո առարկան ընդդիմության հետ քննարկել փակ ռեժիմով: Այդպես եմ ես պատկերացնում պետական շահը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ համաշխարհային քաղաքական եւ հասարակական ուժերը, որոնք իսկապես անկախ եւ ժողովրդասեր են, նրանք պետք է իրար հետ արարեն միակ ազգային ռազմավարությունը, որն էլ կնախանշի բոլոր այդ ուժերի համար կարմիր գծերը, որը նրանք հատել թույլ չեն տա ոչ մեկին՝ դառնալով մի բռունցք, մի շունչ, մի ոգի: Ո՞րն է այդ ռազմավարությունը: Դա պարզելու համար այդ ժողովրդասեր ուժերը, որոնք ժողովրդի ճակատագիրը իրենց ճակատագրից բարձր են դասում, հանուն ժողովրդի, ժամանակավորապես մոռանալով իրենց մարտավարական հակասությունները մինչեւ խաղաղ ժամանակները, ամեն մեկը մի թուղթ է վերցնում եւ կետ առ կետ գրում իր կարմիր գծերը՝ իր ռազմավարությունը, հետո հրավիրվում է ռազմավարական համաշխարհային աշխարհաժողով, որտեղ համաձայնեցվում են բոլորի առաջարկները ու միաձայն հաստատվում հայ ազգային ռազմավարություն, որը դառնում է պարտադիր այն ստորագրած բոլոր ժողովրդասեր ուժերի համար, ստեղծվում է քաղաքական գենշտաբ, որը մշակում է այդ բոլոր ժողովրդասեր ուժերի համատեղ պայքարի սցենարներ եւ ամեն մեկի անելիքը: Սա կլինի կախյալ ապազգային ուժերին հակակշիռ ուժ, որը կփրկի մեր ժողովրդին մանիպուլյացիաներից ու ամեն տեսակ մանր ու խոշոր պարազիտներից: Չկա չարիք առանց բարիքի: Աշխարհի հայ ժողովրդասեր ուժեր, միացե՛ք, որ միասին պտտենք մեր ժողովրդի ճակատագրի անիվը հաղթանակի ուղղությամբ:
Իսկ ինչի պիտի անձը չքնարկեն՞ Եթե վարչապետը դիլետանտա իր նշանակած կադրերը դիլետանտ են բա պիտի իրանց քննադատեն ամենադաժան կերպով։
Ձեր ասածը գիտեք ինչի նմանա։ Ֆուտբոլի հավաքականի մարզիչ դառելա ինչ որ դիլետանտ, որը հավաքականա հրավիրում իր պես դիլետանտների ում հետ ասենք պոլիտեխնիկի զալում ֆուտբոլա խաղացել։
Հիմա դուք ասում եք գիտես բերեք էտ դիլետանտին ու իր հրավիրած ֆուտբոլիստներին հեռացնելու հաչցը չքնարկենք, այլ քննարկենք թե թիմը ինչ տակտիկայով պիտի խաղա։