Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնի հին-նոր խմբավարը

Հունվար 19,2022 13:00

Երգչախմբային արվեստը մեր երկրում միշտ իր բարձրության վրա է եղել։ Կային ժամանակներ, երբ անցկացվում էին հիշյալ արվեստի մրցույթներ, փառատոներ։ Դրանց մասնակցում էին ոչ միայն երաժշտական դպրոցների, ուսումնարանների, կոնսերվատորիայի, այլեւ հանրակրթական դպրոցներում գործող երգեցիկ խմբերը։ Անցկացվում էին երգչախմբային տոներ մասնակցությամբ հայաստանյան հանրակրթական ու մասնագիտական ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ինչպես նաեւ այլ երկրներից ժամանած երգչախմբերի։

Վերջին տարիներին լռություն է տիրում նման միջոցառումների անցկացման ուղղությամբ։ Հանդիպում ենք ընդամենը երկու՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) եւ Երեւանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան) երգչախմբերին։ Իհարկե, խոսքը չի վերաբերում մեր պետական կոլեկտիվներին։ Կարճ ասած, մեզ մոտ մեծ մասսայականություն էր վայելում երգչախմբային արվեստը։

«Առավոտը» զրույցի էր հրավիրել Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի խմբավար Էմմա Առաքելյանին, որի ղեկավարությամբ երգչախմբին մոտ 10 տարի հանդիպում ենք Երեւանի օպերային թատրոնի ներկայացումներում եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) իրականացրած տարբեր ծրագրերի, հիմնականում օպերաների համերգային կատարումներին։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ համաշխարհային օպերային գրականության հեղինակները երբեմն իրենց այդ մեծակտավ ստեղծագործություններում չեն բավարարվել միայն մեծերի երգչախմբով, նրանց կողքին օգտագործելով նաեւ մանկական խմբի ձայներ։ Իսկ օպերաներում, որոնք ներկայացվում են բնագրերով իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, ռուսերեն լեզուներով, դժվար չէ պատկերացնել խմբավարի, ուղիղ ասած՝ տանջանքը։

Այս առիթով մեր զրուցակիցը, որ արդեն 15 տարի եւ իր հավաստմամբ՝ իրեն նվիրել է հենց մանուկների երգչախմբային դաստիարակությանն ու ուսուցմանը, ասաց. «Իհարկե, բարդ է, բայց չմոռանանք, որ երեխաների մոտ օտար լեզուների ընկալումն ավելի հեշտ է լինում։ Մյուս կողմից՝ այդ տարիքում հիշողությունն է հիանալի։ Հետո էլ հավելեց, թե սկզբում ինքն է օտար լեզվի մասնագետի մոտ յուրացնում, այսպես ասած, նյութը, տեքստի ճիշտ արտաբերումը, հետո նոր սկսվում են փորձերը երգչախմբի հետ»։

Էմմա Առաքելյանը մեկ առ մեկ հիշեց օպերային թատրոնում իրենց մասնակցությամբ բեմադրությունները եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ օպերաների համերգային կատարումները։ Օրինակ, օպերային թատրոնում այսօր էլ մանկական երգչախումբը մասնակցում է Պուչինիի «Տոսկա», Մոցարտի «Կախարդական սրինգ», Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացումներին։ Խմբավարը հավելեց նաեւ, թե ընթացիկ թատերաշրջանի սկզբում մանկական երգչախմբի համար հաճելի էր մասնակցությունը Պուչինիի «Տուրանդոտ» օպերային համերգային կատարմանը, ինչպես նաեւ Երեւանում վերջապես բեմադրված Չայկովսկու «Մարդուկ Ջարդուկը» բալետային ներկայացմանը։

«Պետք է տեսնել երեխաների խանդավառությունը փորձերին, էլ չասեմ՝ ներկայացումներին։ Տեսեք, նրանք փաստորեն փոքր տարիքից շփվում են, ինչու ոչ՝ փորձ ձեռք բերում, ինչպես հայաստանցի արվեստագետների, այնպես էլ հյուրախաղորդ երաժիշտների հետ։ Ի վերջո երեխաները ոչ միայն կանգնած երգում են, այլեւ խաղում։ Առանց չափազանցության նրանց մասնակցությունը ներկայացումներին իսկական վարպետության դասեր են։ Հաճախ էլ ներկայացումներից դուրս երեխաները նույնիսկ կարծիքներ են հայտնում, փոխանակում, օրինակ, դիրիժորներ Կարեն Դուրգարյանի, Աթանես Առաքելյանի, հյուրախաղերի եկած Քրիստոֆեր Օկասեկի (ԱՄՆ), Միքայել Վենդեբերգի (Գերմանիա), Միհրան Աղաջանյանի (ՌԴ), ինչպես նաեւ մեներգիչների մասին եւ այլն։ Իսկ մանկական երգչախմբի երգացանկը աստիճանաբար հարստանում է։ Այս օրերին Երեւանում «Կարմեն» օպերայի փորձերն է անցկացնում Շվեյցարիայից ժամանած դիրիժոր Մարկ Կիսոցկին, բեմադրությունը նշանակված է հունվարի 19-ին եւ այլն։ Սա ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի աշխատանքն է։ Մենք մասնակցել ենք նաեւ 2015թ. Արմեն Մելիքսեթյանի ժամանակակից ռեժիսուրայով բեմադրած «Կարմենի» հիանալի բեմադրությանը։ Մի բան էլ, մենք աշխատում ենք իսկապես ծանրաբեռնված ռեժիմով։ Երգչախմբի երգացանկում են հայ, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների եւ ժամանակակից մեր հեղինակների ստեղծագործությունները, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի, Նարինե Զարիֆյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ մյուսների»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք, թե մանկական երգչախումբը ի՞նչ թվով է մասնակցում այս կամ այն ներկայացումներին։ Խմբավարը նախ նշեց, թե դպրոցում գործում է երկու երգչախումբ փոքրերի՝ 1-3 դասարանների եւ 3-ից բարձր, որտեղ ընդգրկված է շուրջ 50 սան։ Հետո էլ պատասխանեց. «Տարբեր ներկայացումներին մասնակցում ենք տարբեր թվակազմով։ «Տոսկայում»՝ 16, «Կարմենում»՝ 15, «Մարդուկ Ջարդկում»՝ 20 եւ այլն»։

Իսկ թե հիշո՞ւմ է առաջին անգամ իրենց ով հրավիրեց թատրոն հարցին խմբավարը վայրկյանապես հայտնեց Կարեն Դուրգարյանի անունը, նշելով, որ դա 2009-ին էր եւ դիրիժորի ղեկավարությամբ մանկական երգչախումբը հանդես է եկել Շտրաուսի վալսերի կատարմամբ. «Նշեցի արդեն, որ մեր մասնակցությամբ առաջին ներկայացումը թատրոնում 2015-ին էր՝ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով «Կարմենը»։

Ի դեպ, արեւմտյան թատրոններում, ավելի ճիշտ՝ հռչակավոր թատրոններում («Մետրոպոլիտեն-օպերա», «Լա Սկալա» եւ այլն») գործում են նաեւ մանկական, պատանեկան կամ երիտասարդական երգչախմբեր։

Ըստ մեր հավաստի տեղեկության՝ Էմմա Առաքելյանը հրավիրված է օպերային թատրոն հենց այդ առաքելությամբ, ինչի առիթով մենք ունեինք մեզ հետաքրքրող 1-2 հարց։ Այս լուրը հաստատեց մեր զրուցակիցը, իսկ հարցերին հավաստիացրեց պատասխանել միառժամանակ անց, քանի որ բառացիորեն նոր-նոր է նման կարգավիճակով մուտք գործել թատրոն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ մանկական երգչախումբը օպերային
թատրոնի ներկայացումներում

«Առավոտ» օրաթերթ
18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31