Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները մեր պետությանը չե՞ն վստահում

Հունվար 19,2022 14:00

Ավելի շատ վաճառել են իրենց անշարժ գույքը, քան՝ գնել

2021 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով մեր երկրում կատարվել է 19 հազար 139 անշարժ գույքի գործարք: Այս թիվը գրեթե կիսով չափ ավելի է դրան նախորդող տարվա տվյալներից: 2020-ին Հայաստանի Հանրապետությունում այդ գործարքների թիվը եղել է ընդամենն 8 հազար 654 անշարժ գույք: Անշարժ գույքի գործարքների կտրուկ անկումը պայմանավորված էր 44-օրյա պատերազմով ու կորոնավիրուսային իրավիճակով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկություններից պարզ է դառնում, որ ամենաշատ գույքը վաճառվել, գնվել, փոխանակվել, գրավադրվել կամ վարձակալության է տրվել Երեւանում: 2021-ի նոյեմբերին մայրաքաղաքում կատարվել է անշարժ գույքի 5 հազար 886 գործարք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3 հազար 10:

Երեւանից հետո անշարժ գույքի գործարքների ցուցանիշներով Կոտայքի մարզն է: 2021-ի նոյեմբերին այս մարզում իրականացվել է 2 հազար 970 գործարք: Ապա՝ Արարատի մարզը, որտեղ վաճառվել կամ գնվել է, վարձակալությամբ կամ ժառանգությամբ է տրվել 2 հազար 218 անշարժ գույք: Արմավիրի մարզում 1973 գործարք է իրականացվել: Ամենաքիչ գործարքները տեղի են ունեցել Վայոց Ձորում, որտեղ անցյալ տարի նոյեմբերին գործարքների թիվը եղել է 396: Սյունիքի մարզում այդպիսի 571 գործարք է կատարվել, Շիրակի մարզում՝ 908, Լոռիում՝ 1116:

Ուշագրավ են օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված եւ վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների ցուցանիշները ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի: Անցյալ տարի նոյեմբեր ամսին օտարերկրացիների կողմից մեր երկրում ավելի շատ վաճառվել, քան գնվել է անշարժ գույք: Երեւանում օտարերկրացիները գնել են 87, վաճառել՝ 111 անշարժ գույք: Արագածոտնի մարզում վաճառել են 19 եւ գնել ընդամենը 4 անշարժ գույք: Արարատի մարզում ձեռք են բերել 6 անշարժ գույք, վաճառել՝ 42-ը: Արմավիրի մարզում նույնպես ավելի շատ վաճառել են, քան՝ ձեռքբերել: Օտարերկրացիներին պատկանող 32 սեփականություն վաճառվել է, 9 քաղաքացի էլ՝ գնել է:

Գեղարքունիքում իր սեփականությունը վաճառել է 18 օտարերկրացի, այդ մարզում անշարժ գույք է ձեռք բերել այլ երկրի 3 քաղաքացի: Լոռու մարզում 24 օտարերկրացի վաճառել է իրեն պատկանող անշարժ գույքը, իսկ 6 քաղաքացի՝ գնել է: Բոլոր մարզերից օտարերկրացիներն ամենաշատը Կոտայքի մարզում են անշարժ գույք ձեռք բերել: Այստեղ անցյալ տարի նշյալ ժամանակահատվածում 25 անշարժ գույք են գնել, վաճառել են՝ 40-ը: Շիրակի մարզում օտարերկրացիները 35 գործարք են կատարել, 9-ը գնել են, 26-ը՝ վաճառել:
Ի դեպ, Վայոց Ձորից հետո, ամենաքիչ անշարժ գույքը օտարերկրացիները Սյունիքի մարզում են ձեռք բերել, ընդամենը 3 սեփականություն: Փոխարենը այստեղ վաճառել են 17 անշարժ գույք:

2021 թվականի նոյեմբերին Վայոց Ձորում ընդհանրապես որեւէ անշարժ գույք այլ երկրի քաղաքացիները ձեռք չեն բերել, բայց 3 քաղաքացի իր սեփականությունը վաճառել է: Տավուշի մարզում էլ պատկերը հուսահատեցնող է. այստեղ օտարերկրացիներին պատկանող 20 անշարժ գույք է վաճառվել եւ, ընդամենը 6 օտարերկրացի Տավուշում անշարժ գույք է գնել:

Նշենք, որ օտարերկրացիների կողմից վաճառած 352 անշարժ գույքից 141-ը բնակարաններ են բազմաբնակարան շենքերում, 76-ը՝ բնակելի տներ, 2-ը արտադրական նշանակության շինություն է, 6-ը՝ հասարակական նշանակության, 15-ը ավտոտնակ, 112-ը հողատարածքներ, որից 71-ը գյուղատնտեսական նշանակության: Օտարերկրացի գնորդներն ու վաճառողները, ըստ կոմիտեի տրամադրած ցանկի, հիմնականում Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Իրանի, Սիրիայի, Եվրոպական, ԱՊՀ պետությունների քաղաքացիներ են:

Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, որ միայն հողատարածքների առուվաճառքները 2021-ի նոյեմբերին, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նույնպես կրկնակի են եղել: Հողերի ամենաշատ գործարքները 2021-ի նոյեմբերին եղել են Կոտայքի մարզում՝ 529, ամենաքիչը՝ Սյունիքի մարզում: Այս մարզում հողերի առուվաճառքի 49 գործարք է եղել, 2020-ի նոյեմբերին՝ ընդամենը 4: Անգամ ամենափոքր մարզում՝ Վայոց Ձորում հողատարածքի առուվաճառքի 84 գործարք է եղել: 456 հողատարածք Արարատի մարզում է գնվել եւ վաճառվել, 103-ը՝ Լոռիում, 408-ը՝ Արմավիրում, 193-ը՝ Արագածոտնում:

Անցյալ տարվա նոյեմբերին, ընդհանուր առմամբ անշարժ գույքի վարձակալության 1010 գործարք է գրանցվել, որից 438-ը Երեւանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31