Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւան-Անկարա երկխոսությունը մեկնարկել է թուրքական պահանջներով

Հունվար 19,2022 12:00

Անկախ նրանից, թե Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն ինչ կքննարկեն՝ թուրքական լոլիկի արտահանման ցուցանիշները, թե հայկական ծիրանինը, Երեւանն ու Անկարան քաղաքական երկխոսություն են սկսել

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

Պաշտոնական Երեւանն ու Անկարան սահմանափակվեցին ստանդարտ հայտարարությունների տարածմամբ: ՀՀ ԱԳՆ-ն փաստեց. «Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ եւս ընդգծվել էր, որ Մոսկվայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումն անցել է կառուցողական եւ դրական մթնոլորտում. «Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումներն առանց նախապայմանների»:
Հունվարի 14-ին, Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ, որի ընթացքում նրանք մտքեր էին փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպմանն ընդառաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել էր. «Կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել, բաց մթնոլորտում եւ գործնական արդյունքի հասնելու միտումով՝ «փոքր քայլերով» շարժվելով պարզից դեպի բարդը»։ Այնուհետեւ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում հայտնում էին. «Կողմերը պայմանավորվել են շարունակել շփման կետերի որոնումը՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»։

Ըստ երեւույթին, այս Ռուբինյան-Ռուդենկո հանդիպման կազմակերպմամբ փորձ արվեց, նախ, ցույց տալ, որ Մոսկվան աջակցում է կողմերին ոչ միայն հանդիպման վայրի ընտրության հարցում, այլեւ ռուսական կողմը ճշգրտում է հայկական կողմի դիրքորոշումը, նույնիսկ առաջին հանդիպման կուրատորն է հանդիսանում:

Սակայն, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում «ապաքաղաքական երկխոսություն» արտահայտությունը: Անկախ նրանից, թե Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները ինչ կքննարկեն՝ թուրքական լոլիկի արտահանման ցուցանիշներն անցյալ տարում, թե հայկական ծիրանինը, Երեւանն ու Անկարան քաղաքական երկխոսություն են սկսել:

Ավելին, պաշտոնական Անկարան այս երկխոսության մեկնարկից առաջ Հայաստանի առջեւ հրապարակավ արդեն իսկ պայմաններ է դրել, ինչը իր հերթին նշանակում է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը մեկնարկել է նախապայմաններով, թուրքական պայմաններով, անկախ նրանից, թե թուրքական կողմի ներկայացված պահանջները Ռուբինյանն ու Քըլըչը քննարկում են, թե ոչ:
Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության արդյունավետությունը կախված է լինելու պաշտոնական Անկարայի ներկայացրած պահանջներից: Եթե նախկինում Թուրքիան Հայաստանին պահում էր շրջափակման մեջ ու Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքների դուրս գալու» պահանջ էր ներկայացնում, այսօր թուրքական պահանջներն ավելացել են՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բացառում, ինչը նաեւ ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում, Հայոց ցեղասպանության պահանջի սառեցում: Այս բոլոր հարցերը Ռուսաստանի ԱԳՆ-ի համար «ապաքաղաքակա՞ն» են, թե՞ Մոսկվայում հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Անկարան իր վերոնշյալ պահանջներից հետ է կանգնելու…

Իսկ Մոսկվան, իհարկե, հրապարակավ հստակ հանդես է գալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման օգտին: Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով 2021թ. դիվանագիտական տարին, հանդիպմանն ընդառաջ անդրադարձավ նաեւ այս թեմային՝ փաստելով, որ Մոսկվան օգնում է Անկարային ու Երեւանին ուղիղ երկխոսություն հաստատել. «Ռուսաստանն օգնում է, որպեսզի հասնեն այդպիսի պայմանավորվածության, եւ մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ձեւավորել ուղիղ երկխոսություն, հույս ունեմ, որ այն հաջող կընթանա»: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռեւս չլուծված քաղաքական խնդիրները կարգավորվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների եւ նրանց երեք հարեւանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի միջեւ տնտեսական ու այլ համագործակցության զարգացման միջոցով», – հավելել էր Լավրովը։

Ինչ վերաբերում է Արեւմուտքից հնչող հայտարարություններին, ապա Հայաստան-Թուրքիա շփումները դրական են գնահատվում: «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը եւ երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության եւ երկխոսության մեջ՝ միմյանց միջեւ առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության եւ այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշման մասին: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսությունը ողջունել է նաեւ ԵՄ-ն։ Կառույցի արտաքին հարաբերությունների բաժնի խոսնակ Պետեր Ստանոն թվիթերում նշել էր, որ ԵՄ-ն ողջունում է երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ այդ նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու ուղղությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պատրաստակամությունը. «Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կարեւոր առաջընթաց է, եւ մենք խրախուսում ենք Անկարային եւ Երեւանին շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ»։

ԵՄ-ում համարում են, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանում կայունության եւ հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար։ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ հարաբերություններում։ 2014-ից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,- նշվում էր ԵՄ խոսնակի հայտարարությունում:

Իսկ ահա պաշտոնական Բաքուն «ողջունեց» հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարի մակարդակով: «Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն եւ կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջեւ վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը եւ պետությունների միջեւ համագործակցության միջավայրի ձեւավորումը: Ուստի մենք ողջունում եւ աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ հավելելով, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների եւ պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։ Այնուհետեւ նա հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։
Ինչպես նկատում ենք, Ադրբեջանի փոխարտգործնախարարը Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հստակ կապել է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության պարտավորությունների հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31