Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության հռչակագիրը հնացե՞լ է

Հունվար 19,2022 14:30

Քաղաքական եւ պետական գործիչները պետք է մտածեն, թե որ ուղղությամբ է զարգանալու «Երրորդ հանրապետությունը»

Մի քանի ամիս առաջ ես գրել էի, որ «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվել է եւ մինչեւ 2020 թվականը գոյատեւում էր այն հիմքով, որ կարողանում է ապահովել Արցախի գոյությունը՝ որպես հայկական տարածք: Բայց անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո պետության գոյության այդ իմաստը գրեթե կորել է ու փոխարինվել է նոր իմաստով»: Ընթերցողներից ոմանք վիճում էին, որ Հայաստանի անկախության հռչակումը որեւէ կապ չուներ Արցախի խնդրի հետ՝ «Սովետը» փլուզվել էր, եւ մենք որեւէ այլ տարբերակ չունեինք, քան անկախանալը: Եթե նույնիսկ դա այդպես է, այստեղ կան, իմ կարծիքով, կարեւոր երանգներ՝ հիմնադրույթներ, որոնք նշանակություն ունեին 30 տարի՝ մինչեւ պատերազմում կրած մեր պարտությունը: Այսօր էլ չի խանգարի հիշել, թե ինչպես, ինչ հիմքերով ենք մենք անկախացել: Կարելի է, իհարկե, մեջբերել 1988-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեի ե՛ւ անդամների ե՛ւ ՀՀՇ համակիրների ելույթները, բայց դա գուցե ինչ-որ տեղ համարվի «քաղաքական հռետորաբանություն»:

Ավելի լավ է անդրադառնալ մեր պետություն հիմքը դրած իրավական փաստաթղթին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին: Դրա նախաբանում (պրեամբուլայում), այսինքն՝ ամենակարեւոր արձանագրումներն անող մասում, մասնավորապես, գրված է՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Այսինքն՝ Հայաստանի ներկայիս հանրապետությունը «դե-յուրե» հիմնված է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման գաղափարի վրա: Ճիշտ է, փաստաթուղթն ընդունելուց հետո մոտ մեկ տարի անց հռչակվեց ԼՂՀ-ն եւ խոսք գնաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարի մասին, բայց մենք դա ընկալում էինք որպես վերամիավորման գործընթացի մի հանգրվան: Հայաստանի ներկայիս ղեկավարն, ըստ էության, հայտարարում է, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, եւ քաղաքացիների մեծամասնությունը դրա հետ, կարծես թե, համաձայն է: Հետեւաբար, կա՛մ Անկախության հռչակագրի այս դրույթը հնացել է, կա՛մ էլ հնարավոր է, որ Հայաստանում երբեւէ իշխանության գա մի քաղաքական ուժ, որը կփորձի այդ դրույթն իրականացնել (դրանում, ճիշտն ասած, կասկածում եմ):

Դառնանք Հռչակագրի եւս երկու դրույթի: Նույն նախաբանում գրված է. «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»: Իսկ ի՞նչ է նշանակում «պատմական արդարություն»: «Համայն հայության» պատկերացմամբ, դա Արեւմտյան Հայաստանի ազատագրո՞ւմն է: Կամ գուցե մեկ ուրի՞շ բան է: Իրոք որ առաձգական եզրույթ է: Ի դեպ, առաձգականության մասին ՀՀ առաջին նախագահը գրել է «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» վերնագրված հոդվածում:

«Զարմանալիորեն «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն» նույնքան առաձգական եւ ավելի վերացական հասկացությամբ», – 2015 թվականին գրում է Տեր-Պետրոսյանը: Կարո՞ղ ենք այստեղից եզրակացնել, որ 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրում նույնպես առկա է «առաձգական» եւ «վերացական» հասկացություն:

Եվ վերջապես, Հռչակագրի 11-րդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Հիշեցնեմ, որ այս կետը տեքստի մեջ էր մտել բուռն բանավեճից հետո՝ պատգամավորների մի մասը կարծում էր, որ նման կետի առկայությունը կսահմանափակի անկախացող պետության մանեւրելու հնարավորությունը: (Իմ կարծիքով, իրավացի էին): Բայց բոլոր դեպքերում այդ կետը կա պաշտոնական փաստաթղթում: Այս տասնամյակների ընթացքում եւ այժմ Թուրքիայում քաղաքական գործիչներն ասում են, որ իրենց երկրի հետ հարաբերությունը կարգավորելու համար Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից»: Պաշտոնական մակարդակով Թուրքիան այս պահին նման պայման չի ձեւակերպել: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին հաղորդագրության, «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»: Այնքան էլ պարզ չէ՝ «առանց նախապայմանների» բառակապակցությունը վերաբերում է «բանակցությունների շարունակմա՞նը», թե՞ «լիարժեք կարգավորմանը»: Բայց եթե նույնիսկ ընդունենք երկրորդ տարբերակը, ապա, կարծում եմ, բացառված է, որ «վերջնարդյունքում», ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուց առաջ կամ հետո, Թուրքիան ցեղասպանության հարցը չբարձրացնի, եւ այս անգամ, ըստ ամենայնի, «ենթահանձնաժողովով» հարցը չի սահմանափակվի:

Ի տարբերություն քաղաքական գործիչների եւ ֆեյսբուքյան ստատուսագիրների՝ իմ նպատակը որեւէ մեկին մեղադրելը կամ հակասությունների վրա «բռնացնելը» չէ: Անցել է համարյա 32 տարի, եւ հիմա գոնե ինձ համար պարզ է, որ «Երրորդ հանրապետություն» պայմանական անունը կրող նախագիծն իր պատմական դերն արդեն իսկ կատարել է: Քաղաքական եւ պետական գործիչները պետք է համարձակություն ունենան դա խոստովանելու եւ արձանագրելու: Պարզ է, որ նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ով ինչում է մեղավոր: Բայց, բացի փոխադարձ մեղադրանքներից, նրանք գուցե երբեմն պիտի մտածեն, թե որ հիմքերով, որ ուղղությամբ է զարգանալու մեր պետությունը, եթե անգամ «Չորրորդ հանրապետություն» չկոչվի: Թե չէ ամեն օր կրկնվող մեղադրանքները փոքր-ինչ ձանձրացրել են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31