Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեն եւ դատախազությունը համաձայնության չեն գալիս Գասպարյանի գործի վերաբերյալ

Հունվար 18,2022 23:47

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2000-2018 թվականների ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել եւ իրենց պարտականությունները չեն կատարել: Ըստ քրեական գործի՝ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ՝ զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

NEWS.am-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական եւ չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որեւէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարեւոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, եւ այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Գործը լրացուցիչ քննության ուղարկելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում է քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավասությունից: Այս մասին էլ «Փաստինֆո» ֊ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ֊ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին դատախազի որոշման վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի առարկություններին։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նկատեց, որ հարկ չի համարում մեկնաբանել կոմիտեի նշված հայտարարությունը, որովհետև գործը լրացուցիչ քննության ուղարկելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից: «Թե ինչ հիմնավորմամբ է դատախազի այդ որոշումը անօրինական կամ անհիմն որակվել, թերևս դրա դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացվելու դեպքում նույն քրեական դատավարության օրենքի տառին համապատասխան կքննարկվի և դիրքորոշում կարտահայտվի: Ուզում եմ հիշեցնել միայն, որ մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն՝ ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»,֊ նշել է Աբրահամյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31