Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. Հայկ Ալումյան

Հունվար 18,2022 22:25

«Ընդհանրապես ինքն ուրիշներին զրպարտելու առումով ի՞նչ աստիճանով է ակտիվ կամ՝ ոչ, ես ասել չեմ կարող, բայց երեք անգամ առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձևով զրպարտել է, և մենք որոշել ենք, որ պետք է դիմենք դատական պաշտպանությանը։ Առաջին անգամը շանս տվեցինք Փաշինյանին, քանի որ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, մենք որոշեցինք՝ քանի որ սա առաջին անգամն է, կարող է դաս քաղել, որոշեցինք գործը չշարունակել՝ հույս ունենալով, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր չեն լինի, բայց փորձը ցույց տվեց, որ՝ ոչ, եւս երկու անգամ պարոն Փաշինյանը թույլ տվեց արտահայտություններ, որոնք, ըստ իս, զրպարտչական են։ Մի դեպքում նաեւ խախտվում է անմեղության կանխավարկածը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը (լուսանկարում):

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյան), տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցի գործով դատական նիստը: Սա Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված երրորդ հայցն է: Առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր, և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր: «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի շրջանակում հայցվոր կողմը զրպարտություն էր որակել Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը, ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի, այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայտարարությունը հնչել է 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Պաշտպանները պահանջում են  զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։ Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

Այսօր դատարանը հետազոտեց ապացույցները: Հայկ Ալումյանը տարակուսեց՝ չպարզաբանված հարցեր մնացին, օրինակ այն, թե Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. «Օրենքի մեջ չկա նման դրույթ, որ քննիչը նախաքննական գաղտնիքը վարչապետին կարող  է տրամադրել, իսկ այլոց՝ ոչ։ Եթե վարչապետը, պաշտոնական դիրքը չարաշահելով, ստիպել է քննիչին տվյալները տրամադրել, դա շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ ե՛ւ քննիչի, ե՛ւ իր համար»:

Նիստի մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31