Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է

Հունվար 18,2022 21:55

ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանի (լուսանկարում՝ ձախից)՝ 2018 թվականին Հայաստանում կայացած հեղափոխության բազմաթիվ հիասթափություններից մեկն էլ միջազգային կառույցներից հիասթափությունն է: Այսօր «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ 15 տարի ԵԽԽՎ պատվիրակության անդամ եղած նախկին պատգամավորը հիշեց, թե ինչպես էին միջազգային կառույցները տարիներ շարունակ «թքում մեր երեսին», բայց այսօր տոտալ լռություն են պահպանում այն ամենի հանդեպ, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այդ թվում՝ մամուլի նկատմամբ, մարդու իրավունքների մասով՝ վիրավորանքի եւ զրպարտանքի քրեականացման համատեքստում: Եթե նախկինում նման բան լիներ, ըստ նրա, միջազգային կազմակերպությունները մեծ աղմուկ կբարձրացնեին, իսկ այժմ լռեցին, թեեւ ինքն անձամբ է եվրոպացի տարբեր պաշտոնյաների ներկայացրել խնդիրը, Ջիանի Բուքիքիոն էլ խոստացել էր՝ մինչեւ ինքը հասնի Երեւան, իրենք մեծ աղմուկ կբարձրացնեն, քանի որ դա մեծ խայտառակություն է:

Արդյունքում՝ Նաիրա Զոհրաբյանը եզրակացնում է. «Միջազգային կառույցներն այս գլոբալ խաղի մի մասն են։ Այսօր Հայաստանում իշխանության է մեկը, որը հարմար է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին՝ Ռուսաստան, Արևմուտք, եվրոպական կառույցներ, բրիտանական շահեր և այլն։ Այսինքն, եվրոպական կառույցներ կոչվածը լղոզված մի միֆ է, կոնգլոմերատ, որը սպասարկում է աշխարհաքաղաքական շահեր»:

«Ես երեք օրը մեկ Ֆեյբսուքից ստանում եմ նախազգուշացում, որ ես իրավունք չունեմ նման բաներ գրելու։ Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս Ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնել, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում,  գրառումս փակվեց, կես ժամ հետո եկավ հաղորդագրություն, որ դուք հանրային կարծիք ձեւավորող անձ եք, եւ իրավունք չունեք, իրենց կարծիքով, նման «տոտալ» անձնավորության գովազդել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր էջը սահմանափակումների տակ են դրել:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ «օդում կախված լուրերի» ռեկորդակիր քաղաքական գործիչն այսօր ռեպրեսիաներ է իրականացնում մամուլի դեմ: Նա համամիտ է իր գործընկերների հետ, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով եւ գովազդի սահմանափակումներով, իշխանությունն ուզում է նեղ վիճակի մեջ դնել մամուլը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «168 ժամի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31