Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարարտանյութի թանկացման դեպքում կթաղենք գյուղատնտեսությունը»․ շիրակցի ֆերմեր

Հունվար 18,2022 21:33

Ազատան համայնքում կարտոֆիլագործությամբ զբաղվող ֆերմերներից մեկը՝ Գևորգ Աբրահամյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ պարարտանյութը, որոնք ներկրում են երեք երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, թանկանալու է երեք անգամ։ Իսկ սա, ըստ ֆերմերի, նշանակում է հրաժարվել գյուղատնտեսությունից, թաղել այն։

Վերջինս ներկայացրեց հաշվարկներ իր սեփական օրինակով։ «Մեկ հեկտարի համար նվազագույնը 15, առավելագույնը 20 պարկ պարարտանյութ է օգտագործվում։ Սեփական օրինակով ներկայացնեմ ծախսերը․ եթե 11-12 հեկտար ցանքատարածության համար 1 միլիոն դրամից ավելի պարարտանյութ էի օգտագործում, թանկացման դեպքում մոտավորապես 3 միլիոնի պարարտանյութ պիտի գնեմ։ Իսկ դա նույնն է, որ չզբաղվենք գյուղատնտեսությամբ։ Սա միայն պարարտանյութի ծախսն է,  բա մնացած ծախսե՞րը՝ ասենք սերմը, որը պիտի ներկրես Հոլանդիայից, մյուսը, մյուսը․․․ Սա ո՞ր ֆերմերին ձեռ կտա, ֆերմերը կկարողանա՞ թանկ գներով  վաճառել իր արտադրանքը, կարո՞ղ ենք մեկ կիլոգրամ կարտոֆիլը 1000 դրամով վաճառել։  Էս երկրում աշխատավա՞րձ է բարձրանում, որ մենք էլ նման ռիսկի գնանք։ Մենք էլ սակավահող մարզ ենք, որը չունի արդյունաբերություն, այստեղի ժողովուրդը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ազատան համայնքի ֆերմերների մոտ վերջին 15 տարում գալիս են օրավարձով աշխատելու մարզի տարբեր համայնքի բնակիչներ, տեսեք քանի հոգի է տուժվելու։ Եթե էսպես շարունակվի, մարդիկ կկրճատեն իրենց ցանքատարածությունները»:

Մեր  հարցին հնարավոր չէ՞ պարարտանյութ արտադրել Հայաստանի Հանրապետությունում, մեր զրուցակիցը նշում է, որ Վանաձորի քիմիական գործարանում  մի պահ արտադրել են, լիարժեք հնարավոր է, այլ հարց է՝ ցանկություն ունե՞ն դա կազմակերպելու։ «Մեր երկրում ե՞րբ են ուզել որեւէ բան արտադրել, միշտ մտածել են ներկրեն, մեծ փողեր աշխատեն։ Ի՞նչ իմանաս՝ ինչո՞ւ է այս ամենը, գուցե մտածում են սահմանները բացեն, կարտոֆիլն էլ ասենք Թուրքիայից ներկրե՞ն․․․»,- ասում է Գևորգ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է բնական պարարտանյութ օգտագործելուն, դա էլ է խնդրահարույց՝ ըստ ֆերմերի. «Ես իմ սեփական դաշտերից մեկում փորձել եմ այս տարի պարարտանյութ չօգտագործել, անցած տարի աշնանը գոմաղբով եմ հագեցրել, բայց գիտե՞ք ինչքան ծանր է նստել ինձ վրա, մոտավորապես մեկ հեկտարի կտրվածքով 1000 դոլար է նստել։ Լավ, թող գոմաղբ լինի, այդ գոմաղբը, թռչնաղբը լցնես քո սեփական հողերի վրա, էկոլոգիապես մաքուր արտադրանք էլ ստանաս ու քո բրենդը առաջ տանես՝ որպես արտադրող,  բայց այդ հումքը չկա։ Մենք այդքան անասնապահություն, թռչնաբուծություն չունենք, որ հողերը հագեցնենք բնական այդ պարարտանյութի տեսականիով»։

Նշենք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն օրերս հանդիպել է մարզի մի քանի ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, քննարկել են պարարտանյութերի գների սպասվելիք թանկացման  հարցը։

Մարզպետը խոստացել է հանդիպումներ կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ։ «Ես հասկանում եմ ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, հավաստիացնում եմ, որ ինքս էլ շահագրգիռ եմ օր առաջ ցանկացած խնդիր կարգավորելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ ձեզ հետ հանդիպումը չուզեցա ձգձգել և լսել ձեզ ու փորձել խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկել»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31