«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի (լուսանկարում՝ մեջտեղում) կարծիքով՝ Հայաստանում բոլոր իշխանություններին կարծես միավորում է մամուլի նկատմամբ ատելության զգացումը։
Այսօր «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով իշխանություն-մամուլ փոխհարաբերությունների մասին, նա նկատեց. «Նախկին գլխավոր խմբագիրը (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.), իշխանության գալով, կարող էր արժեւորել մամուլը, խոսքի ազատությունը, ինչ-որ սկզբունքներ դնել, բայց ինքն էլ գնաց նախկինների ճանապարհով, մի բան էլ առաջ գնաց»:
Բանախոսի գնահատականներով՝ դեռ 2018-ից սկսված՝ մամուլի նկատմամբ այս իշխանության ատելության դրսեւորումներն ակնհայտ էին. «Նրանք մամուլի դեմ պայքարում են մի քանի ուղղություններով՝ հոգեբանական ճնշումներ լրագրողների, խմբագիրների նկատմամբ, օրենսդրական փոփոխություններ, հետեւողականորեն արժեզրկում են ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, նսեմացնում են լրագրողի աշխատանքը։ Դրա համար բացում են սունկ կայքեր, PerfectTV-ներ, որոնք իրականում մեծ վնաս են հասցնում դաշտին, լրագրողների նկատմամբ մեծ հիասթափություն են առաջացնում, որ մարդիկ չհավատան որևէ մեկի ասածին»:
Արմինե Օհանյանը հավելեց, որ մարդկանց համար շատ բարդ է կողմնորոշվել այս խառնաշփոթի մեջ, տարբերել, թե ո՞րն է ֆեյքը, ո՞րն է իրականությունը եւ, եթե մարդը սունկ կայքում կարդում է «Փաշինյանը հուժկու ապտակ հասցրեց Էրդողանին», միանգամից հակազդեցություն է առաջանում՝ սա չի՞ ԶԼՄ մակարդակը. «Այս խառնաշփոթի մեջ իշխանությունները հասել են այն բանին, որ հասարակության մի մեծ զանգված չի վստահում ԶԼՄ-ներին»:
Կարդացեք նաև
«Երեկ ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանը մեր լրագրողին ասել է՝ դու իրավունք չունես ինձ հարց տալու, դու այնպիսի լրատվամիջոց ես ներկայացնում, որը մեր իշխանության դեմ է պայքարում, ու դա ասել է բազմաթիվ մարդկանց ներկայությամբ»,-նշեց նա՝ հավելելով՝ փոխանակ լռեն, ամաչեն, ամոթի զգացում ունենան, որ երկիրը հասցրել են այս վիճակին, մի բան էլ մեղադրում են լրագրողներին, թե դուք եք մեղավորը, դուք աշխատում եք պետության դեմ։ Նրա գնահատմամբ՝ այսօր լրագրողն իսկապես հայտնվել է շատ բարդ իրավիճակում։
«Խոսքի ազատությունը միայն լրագրողին ու լրատվամիջոցին չի վերաբերում, ազատ խոսք պիտի ունենա նաև շարքային, հասարակ քաղաքացին։ Նա պիտի կարողանա հանգիստ կարծիք հայտնել, ինչու ոչ` նաև քննադատել, գրել, խոսել։ Նույն Ֆեյսբուքում քաղաքացին պիտի կարողանա կարծիք հայտնել ու չվախենալ, որ հնարավոր է այդ գրառման համար նրա նկատմամբ գործ հարուցեն։ Եթե նայում ենք հարուցված քրեական գործերին՝ զրպարտանքի, վիրավորանքի մասով, տեսնում ենք, որ դրանց 90 տոկոսը գործող իշխանություններին քննադատելու, վիրավորելու համար են հարուցվել»,- ասաց Օհանյանը :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «168 ժամի»