Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ». Սաթիկ Սեյրանյան

Հունվար 18,2022 20:42

2019-ի ու 2020-ի ընթացքում ԶԼՄ-ների ու դրա ներկայացուցիչների դեմ 176 հայց է ներկայացվել դատարան, որից 94-ը՝ 2019-ի ընթացքում: Այս վիճակագրությունն այսօր, «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ, ներկայացրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» -ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը(լուսանկարում՝ աջից)։

Ըստ նրա՝ 2019, 2020, 2021-ը ծանր ու ոչ նպաստավոր  տարիներ են եղել մամուլի համար։ 2022 թվականն ավելի ծանր է լինելու՝ պայմանավորված երկրի ծանր քաղաքական-հասարակական իրավիճակով: «Այն, որ 2022-ը ոչ բարենպաստ տարի է լինելու Հայաստանի համար, վկայում են տնտեսական ցուցանիշները, քաղաքական զարգացումները, իսկ այդ խնդիրները չպետք է տարանջատել միմյանցից: Մամուլը կատարում է վերահսկողի դեր, իսկ փողոցից իշխանության եկած մարդիկ չեն ցանկանում, որ իրենց գործողությունները որեւէ կերպ վերահսկվեն»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Խոսելով մամուլի եւ իշխանության հարաբերությունների մասին՝ բանախոսը նկատեց՝ ԶԼՄ-ները հաշտվել են այն իրավիճակի հետ, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի 90 տոկոսը քննարկվում է փակ ռեժիմով, հասարակությունը տեղյակ չի լինում, թե ի՞նչ որոշումներ են ընդունվում։

Բացի այդ, չնայած պետական մարմիններն ունեն բյուջեից հատկացվող ռեսուրսներ, ունեն խոսնակներ, հասարակայնության հետ կապերի վարչություններ ու դրանց աշխատակիցներ, ԶԼՄ-ների հարցերի մեծ մասն անպատասխան են մնում. «Լրագրողն ինչպե՞ս աշխատի, լրագրողի համար չափազանց ծանր պայմաններ են։ Ցավոք, քաղհասարակությունը, որ մինչ այս, թվում էր, թե փոփոխությունների ջատագով է, պարզվեց, որ իշխանության ջատագովներ են, ու հիմա, ձեռք-ձեռքի տված, հաճախ սրեր են ճոճում մամուլի դեմ։ Արդեն քանի տարի է՝ ես տեսնում եմ վտանգավոր երևույթ, որ նաև սոցիալական ցանցերում ուղղորդված կերպով թիրախավորում են ԶԼՄ-ների, լրագրողների, որոնք իշխանությանը ոչ հաճո քննադատություններ են հնչեցնում։ Եղել են նույնիսկ բռնության դեպքեր։ Հիմա այնպես է ստացել, որ մամուլն է դարձել Հայաստանում ժողովրդավարության պահպանը, փորձում է  վերահսկել իշխանությունների անվերահսկելի գործունեությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին իրենք միշտ են խոսել:

Սաթիկ Սեյրանյանը նաեւ խոստովանեց՝ անսպասելի էր, որ այս իշխանությունը, որի լիդերը լրագրող է, պայքար կհայտարարի ԶԼՄ-ների դեմ. «Ես չեմ զլանա, նորից կկրկնեմ, որ  այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ, ամեն ինչ անում է, որ լռեցնի, օրենսդրական փոփոխություններով ֆինանսական վնասներ հասցնի ԶԼՄ-ներին։ Մենք՝ ներկաներս շատ լավ գիտենք, թե ինչպես է աշխատել Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցը, ինչպես է ֆինանսավորում հայթայթել, անկախ դրանից, երբ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան է պատահել, մենք կանգնել ենք նրա կողքին, բողոքի ակցիաներ ենք իրականացրել, ասուլիս ենք հրավիրել»:

Ըստ նրա՝ իշխանություններն այսօր ներկայացնում են, թե իբր ազնիվ մղումներով պայքարում են շահումով խաղերի դեմ, մինչդեռ դա մեծ հարված է լինելու ԶԼՄ-ներին՝ գովազդի եւ ֆինանսավորման առումով, բայց պարզվում է, որ դրանք իրենց իրականացրած իշխանափոխության քսակներն են, Աննա Հակոբյանի հիմնադրամի հովանավորներն են, տարբեր երկրների իրենց այցերի ծախսերն են հոգում։

«Սա արվում է մամուլի դեմ։ Ցավոք սրտի՝ մեր երկրում տնտեսությունը չի աշխատում, հիմնված է հանքարդյունաբերության ու շահումով խաղերի վրա։ Տնտեսությունը, երբ չի աշխատում, մամուլը չի ունենում գովազդներ։ Ի՞նչ գովազդեն, երբ ոչինչ չի արտադրվում, չկա մրցակցություն»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, ինչ-որ պահի այն փոխվելու է, գալու է ուրիշ իշխանություն ու սկսի «վհուկների որս». «Բացահայտվելու է, չէ՞, այս ամենը։ Ի վերջո` մամուլն այս տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է, չէ՞, թե իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքի անդամներն ինչ բիզնեսներ ունեն, ինչպես է նրանց կյանքի որակը փոխվել, ինչպես են բարելավել իրենց կենսական պայմանները, այսպես ասած հողաթափերով, «տապչկաներով» փողոցից եկել են ու հիմա ինչ ունեցվածքի տեր են։ Դրանք ներկայացվել են, բայց ո՞ւր են հակակոռուպցիոն մարմինները»:

Նա նկատեց, որ մամուլի հրապարակումներն անարդյունք են մնում, մինչդեռ քրեական գործեր են հարուցվում ընտրովի կերպով քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների դեմ. «Հայցեր են ներկայացվում, ֆինանսական փոխհատուցման պահանջներ են ներկայացվում, որպեսզի ջլատեն, հյուծեն ԶԼՄ-ներին  ու դրանց ռեսուրսները, կարողանան լռեցնել։ Բայց դա չի հաջողվելու»:

Իբրեւ լրատվամիջոցի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ՝ Սաթիկ Սեյրանյանը  չի կարող ներել այս իշխանություններին՝ պատերազմի ժամանակ հորդող ապատեղեկատվության համար. «Հիշում ենք բոլորս, թե ինչպես միանձնյա որոշումներով լռեցրին մամուլին, ինչ պատժամիջոցներ կիրառելով կարողացան  սուտը լցնել հասարակության կյանք։ Մեզանից պահանջում էին ճշմարտությունը չասել, որպեսզի հասարակությունը չիմանա իրականությունը, որպեսզի հասարակությունը ոտքի չկանգներ։ Մինչդեռ հասարակությունը կարող էր ճնշում գործադրել ու դադարեցնել այդ մանիպուլյացիան»: Այս ամենի հետևանքով, ըստ նրա, հասարակության մոտ առաջացավ տոտալ անվստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ. «Սա աններելի բան է, որովհետև Հայաստանը մշտապես պատերազմի մարտահրավերների առաջ է, ցավոք սրտի, այս իշխանությունների ձեռքով նման իրավիճակ ստեղծվեց։ Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակությունը կարդում է ոչ իշխանական ԶԼՄ-ներ»: Սաթիկ Սեյրանյանի դիտարկմամբ՝ որոշ կազմակերպություններ նաեւ սկսել են խոչընդոտել սոցցանցերում ԶԼՄ-ների հրապարակումների տարածմանը։

Նրա գնահատմամբ՝ մենք ականատես ենք լինում, որ ժողովրդավարական կարգախոսներով, փողոցներից, հրապարակներից կառավարական աշխատասենյակներ տեղափոխված իշխանությունները ամեն ինչ անում են մամուլի դեմ՝ ժողովրդավարության արժեքները ոտնահարելով։ Բանախոսը կարծում է, որ այդպես են անում, որովհետև այս իշխանությունները ավտորիտար իշխանություն հաստատելու ճանապարհին մամուլը դիտարկում են որպես ամենամեծ խոչընդոտը. «Այդպես են անում, քանի որ մամուլը իրականում ունի վերահսկողի դերակատարում ու փոխզսպումների մեխանիզմ է գործադրում։ Հայաստանում այսօր մի իշխանություն է, որն ամենևին չի ցանկանում, որպեսզի որևէ կերպ իր գործողությունները վերահսկվեն։ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մամուլի մասով կառավարության նիստերին սահմանափակումներ եղան, մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, մեր բողոքի ձայնը բարձրացրինք, բայց այսօր ցավալիորեն կարծես նաև ինչ-որ տեղ հաշտվել ենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «168 ժամի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31