Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հունվարի 14-ից նոր խորհրդական ունի։ 39-ամյա Գառնիկ Պետրոսյանը աշխատում էր «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշըն»-ում որպես ճարտարագետ-կարգավար, այնուհետեւ ինժեներ-տեխնոլոգ։ Մոտ երեք տարի առաջ է ազատվել աշխատանքից ու մինչեւ նշանակումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցում կազմակերպչական հարցերով էր զբաղվում։ «Ընդհանրապես սիրում եմ ծանր ժամանակներում աշխատել, ծանրությունից չեմ խուսափել, եւ երբ ստացա առաջարկը՝ չառարկեցի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը։ Վերջինս կարեւորում է մարզի անվտանգային հարցերի կարգավորումը։
Չնայած մեկ օր է, որ նշանակվել է խորհրդական, բայց արդեն հասցրել է մարզպետին խորհուրդներ տալ։ «Ծննդով քաջարանցի եմ, կարեւորում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համագործակցությունը՝ թե՛ Քաջարանի, թե՛ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ու առաջարկներս եղել են այդ համատեքստում»,-նշում է նորանշանակ խորհրդական Գառնիկ Պետրոսյանը։
Լուսանկարները՝ Գառնիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ