Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում, պատասխանելով հարցին՝ թե ինչ կարծիք ունի «Սպիտակ թուղթ» կոչվող փաստաթղթի մասին, որի համահեղինակներից է ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ասաց, որ դա փորձագիտական կարծիք է, եւ դա չի նշանակում, որ որեւէ պաշտոնական նշանակություն ունի։
«Կարեւոր է փորձագիտական վերլուծություններին ծանոթ լինել, բայց իհարկե, միայն իրենց կարծիքին չեմ ծանոթ, մի շարք այլ փորձագետների հետ անընդհատ քննարկումներ եմ ունենում։ «Սպիտակ թղթում» կան բաներ, որոնք արժեքավոր են, հաշվի առնել կարելի է, կան նաեւ եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համաձայն չեմ, այդ թվում՝ «Արցախի Հանրապետությունը հեռանկար չունի» տեսակետի հետ։ Ես իմ տեսակետը ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին, նույնիսկ բանավեճ եմ ունեցել նրանց հետ։ Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետությունը հեռանկար ունի, եւ այդ հեռանկարի երաշխիքը մեր այստեղ, այս հողի վրա ապրելն ու արարելն է եւ մեր հետեւողականությունը, որ կարողանանք պրոֆեսիոնալ, արդյունավետ կերպով մեր պետականությունն ամրապնդել։ Դա հեշտ ճանապարհ չէ, բավական երկար ճանապարհ է մեզ սպասվում, սակայն ես համոզված եմ, որ արդյունքները լինելու են։ Իմ կարծիքով՝ մենք կհասնենք այն արդյունքներին, որոնք մենք դրել ենք։ Ես Ժիրայր Լիպարիտյանին իմ տեսակետը ներկայացնելով՝ ամփոփեցի, ասացի՝ ցավում եմ, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը միգուցե դուք չտեսնեք, քանի որ ինքը բավական տարիքով է՝ 70-ն անց է, բայց ես համոզված եմ, որ այդ պահը լինելու է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որ Լիպարիտյանը չի տեսնի, որովհետեւ, դա, իմ կարծիքով, մի քանի տարվա հարց չէ, դա երկարաժամկետ, միգուցե տասնամյակների հարց է, որը հնարավոր է հաջողել, եթե մենք՝ ամբողջ ազգով համապատասխան համառությունը, հեռատեսությունն ու պրոֆեսիոնալիզմն ունենանք»,-ասաց Արցախի պետնախարարը։
Արտակ Բեգլարյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այս տիպի հարցեր չեն քննարկել,․«Ավելի շատ իր փորձառությունը բանակցությունների մասով, իհարկե նաեւ՝ իր տեսակետները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հումանիտար։ Ես ինքս Լեւոն Տեր-Պետրոսյանի, նաեւ իր գլխավորած գաղափարախոսության հետ սկզբունքային տարաձայնություններ ունեմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ