Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական աջակցության ինչ ծրագրեր են իրականացնում Արցախում․ մանրամասնում է պետնախարարը

Հունվար 18,2022 19:14

Արցախում պատերազմի հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում բավականին աշխատանք է կատարվել, Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն ստացել է 46 հազար 956 հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախում իրականացվող հաջորդ ծրագիրը, ինչպես ներկայացրեց պետնախարարը, պատերազմի հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում ստացվել է 9300 հայտ, որից 1349 հայտ արդեն բավարարվել՝ ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրամի չափով։ Այս գումարից 2 միլիարդ 667 միլիոնը կանխիկ գումար է, որից կանխիկ տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոն, իսկ 4 միլիարդ 54 միլիոն մուրհակից 2 միլիարդ 495 միլիոն դրամը Արցախի ֆինանսների նախարարությունն արդեն տրամադրել է։

Պետնախարարն ասաց, որ այս տարվա ընթացքում ավելի մեծ չափով հայտերը կբավարարվեն գումարները կտրամադրվեն քաղաքացիներին։

Արցախում իրականացվող աջակցության ծրագրերից մյուսը բնակարանային ծրագիրն է։ Պետնախարարի ներկայացմամբ՝ բնակարանային հարցերի կոմիտեի ձեւավորումը մի քիչ երկար է տեւել, բայց արդեն արդյունքներ ունի, աշխատանքները սկսվել են նոյեմբերի վերջից․ «Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները եւ առաջիկա ամիսներին կկարողանանք այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի ծրագրում ենք ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի առավելագույնս արդյունավետ, արդարացի եւ թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար, քանի որ այս պահին իրենց առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է»:

Այս տարի Արցախի պետական բյուջեում նախատեսվել է առողջապահության ոլորտի բյուջեն ավելացնել 23,6%-ով, դարձել է 15,5 միլիարդ դրամ, եւ ինչպես ասաց Արտակ Բեգլարյանը, նոր ծրագրեր են նախատեսում․ «Հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ անվճար է դարձել առողջապահությունը։ Այսինքն, վճարովի որեւէ ծառայություն չկա, եթե բժշկական ցուցում կա»։

Կրթության ոլորտում բյուջեն կրկին ավելացել է, դարձել է 17 միլիարդ 331 միլիոն դրամ, այս ավելացմամբ, ըստ Բեգլարյանի, ավելացվել են ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։

Արցախում կենսաթոշակներն ու պետական նպաստները բարձրացել են միջինը 20%- ով: Այս տարի, ըստ պետնախարարի, Արցախում, սոցիալական պաշտպանության բյուջեն 52 միլիարդ 564 միլիոն դրամ է․ «Ինչն էականորեն տարբերվում է 2021 թվականի ցուցանիշներից: Պետական նվազագույն կենսաթոշակը հաստատվել է 34 հազար 300 դրամ 2021 թվականի 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ 56 հազար 200 դրամ՝ 2021 թվականի 46 հազար 800 դրամի փոխարեն»։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է Արցախում հիմնել Անանիա Շիրակացու անվան միջազգային կրթահամալիր, որը լինելու է Երեւանի մասնաճյուղը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31