Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են». Թեւան Պողոսյան

Հունվար 18,2022 18:28

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ մեկնարկած բանակցությունների ֆոնին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում հիշեցրեց նույն հարցի շուրջ Ցյուրիխում ստորագրված արձանագրության նախապատմության մի դրվագ. «Շատերը չեն հիշում եւ օգտագործում են միայն «Ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը: Բայց եթե մինչեւ այդ ամբողջ գործընթացին հետեւեք, կտեսնեք, որ ամեն անգամ էլ օգտագործվել է առանց նախապայմանների տերմինը: Որտե՞ղ ենք մենք առաջինը իմացել նախապայմանի մասին: Ցյուրիխում, երբ Էդվարդ Նալբանդյանը պահանջեց, որ ողջույնի տեքստը պետք է տրամադրեք մեզ, մենք էլ մերը իրենց տանք, որ վստահ լինենք: Եվ այդ տեքստի պատճառով Թուրքիան չստորագրեց: Տեքստում ի՞նչ կար գրված: Որ Թուրքիան նախապայման է դրել, ասել է՝ մինչեւ Ադրբեջանի հետ տարաձայնությունները չբարելավվեն, որեւէ գործընթաց չի գնալու: Թուրքիան բանակցելով եկավ-հասավ Ցյուրիխ ու որոշեց այդ օրը, այսպես ասած, այդ անակնկալը մատուցել: Իրենք մեզ էին մեղադրում, մենք՝ իրենց: Բայց եկեք միջազգային հանրության արձագանքը նայենք: Այն ժամանակ մի սիրուն տերմին էր օգտագործվում. «գնդակը գտնվում է այս մեկի դաշտում»: Թուրքիան ամեն անգամ ասում էր «գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում»: Բայց էլ Հիլարի Քլինթոնը, էլ ռուսական կողմը, էլ եվրոպական երկրները եւ Հայաստանը միշտ ասում էին, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: Այս ամեն ինչը մոռացել ենք ու հիմա մտածում ենք, թե այս մի գործընթացում ինչ է լինելու: Այս մարդիկ իրենց նախապայմաններն ասել են ու այդ նախապայմաններով էլ առաջնորդվելու են»:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում նույն թեմայի շուրջ տեղի ունեցած միջադեպին՝ պարոն Պողոսյանը ասաց. «Եթե նայում ենք երեկ «Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի ներկայացուցչի տված հարցազրույցը, պարզապես զարմանք է առաջանում, թե ինչի՞ն էր պետք երեկ ԱԺ-ում տեսարաններ եւ իրավիճակ կազմակերպելը, եթե կարելի էր այդ նույն հարցազրույցում բարձրացրած կետերը մեկ րոպեում հանրային ձեւով ԱԺ ամբիոնից ասել բոլորին եւ անցնել օրակարգին: Այստեղ սկսում ես մտածել, որ երեւի կան երկրորդ, երրորդ, այլ մտքեր: Հաշվետվողականության, թափանցիկության խնդիրը հենց այստեղ է գալիս: Այդ ո՞նց է լինում, որ լրատվականներին կարող եք ասել, իսկ Ազգային ժողովի ամբիոնից դժվա՞ր է: Իսկ հարցերը, եթե նայեք, լրագրողը նույն հարցերն էր տալիս, պարզապես, պատգամավորների հարցերը ինքն էր ձեւակերպում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31