Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության մասին կամ կլինի՞ հայկական Ռեֆորմացիա

Հունվար 18,2022 18:09

Վերջին տարիներին տագնապալիորեն սրվել են միջազգային հարաբերությունները։ Շատերն արևմուտքում սա բացատրում են որպես պայքար ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։ Ժողովրդավարությունը համարելով որպես ամենաառաջադեմ քաղաքական համակարգ՝ առճակատումը բացատրվում է նաև նրանով, որ եթե աշխարհի բոլոր երկրներն ընդունեն պետության ժողովրդավարական մոդելը, ապա աշխարհում լիակատար համերաշխություն և խաղաղություն կտիրի։ Չվիճելով ժողովրդավարական մոդելի առավելությունների մասին, փորձենք քննարկել, թե արդյոք հնարավո՞ր է, որ աշխարհի բոլոր երկրները մոտ ապագայում դառնան արևմտյան մոդելի ժողովրդավարական պետություններ։

Չխորանանք անտիկ աշխարհի հունա-հռոմեական դեմոկրատիայի ավանդույթների մեջ։ Քրիստոնեություն ընդունելուց հետո, անտիկ դեմոկրատիան Եվրոպայում դարերով մոռացության մատնվեց։ Եվ ի՞նչ իրավիճակ էր տիրում, այսօրվա ժողովրդավարական, միջնադարյան Եվրոպայում՝ դաժան միապետական-ֆեոդալական համակարգ և հպատակ, խեղճուկրակ ժողովուրդ։ Քաղաքական համակարգի վրա հիմնական ազդեցություն ուներ կաթոլիկ եկեղեցին և Հռոմի Պապը։ Եկեղեցին հանդիսանում էր նույն ֆեոդալական համակարգի գաղափարական և բաղկացուցիչ մասը՝ տիրապետելով հսկայական ունեցվածքների և հողատարածքների։ Միջնադարյան Եվրոպայում աներևակայելի դաժան մեթոդներով մոլեգնում էր ինկվիզիցիան, վհուկների որսը, խաչակրաց արշավանքները։

Եվրոպայում բեկումնային եղավ XVI դարը, երբ սկսվեց բողոքական շարժումը՝ ուղղված դեպի կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները։ Իրականում, բողոքական շարժումը զուտ կրոնական չէր, այլ նաև քաղաքական-հասարակական՝ հանուն ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական ազատությունների, որին ակտիվորեն մասնակցում էր Եվրոպայում արդեն առաջացող նոր՝ բուրժուական խավը։ Բնականաբար, պայքարը շատ դաժան էր և շարունակվեց ավելի քան մեկ դար։ Բողոքական շարժման ավարտը Եվրոպայում համարվում է 1648թ․ կնքված Վեստֆալյան համաձայնագիրը։ Դրանից հետո, եվրոպական մի շարք պետություններ խզեցին կապերը կաթոլիկական աշխարհի, այն է՝ Հռոմի Պապի գերիշխանության հետ, ընդունելով քրիստոնեական բողոքական գաղափարախոսության տարբեր ուղղություններ՝ լյութերական, կալվինիստական, անգլիկան և այլ։ Իրականում, այդ երկրները դարձան աշխարհիկ պետություններ, իսկ հետագայում, բողոքական շարժումը ստացավ Ռեֆորմացիա (բարեփոխում) անվանումը: Բնականաբար, ոչ բոլոր եվրոպական երկրները դարձան բողոքական, սակայն այս կամ այն չափով կաթոլիկ երկրներում նույնպես իրականացվեցին բարեփոխումներ և շատ երկրներում կաթոլիկ եկեղեցու դերը էականորեն նվազեց։

Համոզված եմ, որ հենց Ռեֆորմացիան հիմքեր դրեց եվրոպական ժողովրդավարության զարգացմանը,որին հետագայում իրենց նպաստը բերեցին ինչպես գերմանական փիլիսոփաները, այնպես էլ ֆրանսիական լուսավորիչները և այլ եվրոպական մտածողներ Բնականաբար, այն մեկ տարում տեղի չունեցավ, այլ պահանջվեցին դարեր։ Եվրոպական երկրները Ռեֆորմացիայից հետո անցան երկարատև ճանապարհ՝ ավտորիտար, ազգայնական, ֆաշիստական, ռասիստական կառավարական համակարգերից, պատերազմներից, հեղափոխություններից՝ մինչև ժամանակակից, արևմտյան ժողովրդավարություն։

Հետաքրքրական է, որ Ռեֆորմացիան շրջանցեց ուղղափառ աշխարհը, սակայն այն չէր կարող ինչ-որ չափով ազդեցություն չունենալ նրա վրա։

Եթե մոտավոր համեմատություններ անենք եվրոպական երկրների միջև ժողովրդավարության տեսակետից, ապա առավել ժողովրդավարական են բողոքական, ապա կաթոլիկ երկրները, իսկ ուղղափառ երկրները, իմ կարծիքով, ուղղակի տուրք են տալիս «ժողովրդավարությանը», քանի որ այն իրենցը չի։ Էական տարբերություններ կան նաև արևմտյան ժողովրդավարությունների մեջ, սահմանադրական միապետություն, հանրապետություն, նախագահական և պառլամենտական, դաշնային, ունիտար համակարգեր, ԱՄՆ-ում ըստ էության, երկկուսակցական համակարգ, Եվրոպայում՝ բազմակուսակցական, որոշ երկրներ՝ դեռևս գաղութատիրական, իհարկե՝ այլ անվան տակ։ Տարբեր են Կենտրոնական և Լատինական Ամերիկայի երկրներում գործող համակարգերը, որոնցից շատերը կիլոմետրերով հեռու են ժողովրդավարությունից։

Եվս մեկ կարևոր հանգամանք․ արևմտյան ժողովրդավարական բոլոր երկրները, ընդունելով համամարդկային արժեքները՝ իրավական պետություն, մարդու իրավունքներ, նաև առաջին հերթին ազգային պետություններ են՝ հիմնված իրենց ազգային լեզվի, մշակույթի վրա։

Այսպիսով, արևմտյան ժողովրդավարությունը քաղաքական, սակայն ոչ միանման մշակույթ է, կապված տվյալ ժողովրդի կրոնական, էթնիկական, պետական, աշխարհագրական ավանդույթների հետ։

Այս տեսակետից, եթե անդրադառնանք իսլամական երկրներին, ապա իսլամական աշխարհում բողոքական շարժումը չի հաղթել, ուստի և Ռեֆորմացիա չի եղել։ Այնպես որ, առաջադեմ համարվող աշխարհի բոլոր փորձերը դեպի ավանդական քրիստոնեական ուղղափառ, առավել ևս իսլամական աշխարհներում արևմտյան տիպի ժողովրդավարություն տարածելու և հաստատելու՝ հաջողություն չեն ունենալու։ Հատկապես, իսլամական երկրներում կառավարման համակարգերը երկար տարիներ, եթե ոչ դարեր, կլինեն իսլամական, կամ աշխարհիկ բռնապետական, կամ ոչ բռնապետական՝ բայց նաև ոչ եվրոպական տիպի ժողովրդավարական պետություններ։

Նույն իսլամական երկրներն էլ, անկախ կրոնական կամ աշխարհիկ լինելուց, մեծ տարբերություններ ունեն։ Օրինակ, Սիրիան, չլինելով եվրոպական չափանիշներով ժողովրդավարական երկիր, չի կարելի ասել, որ բռնապետական է։ Սիրիայում երաշխավորված պաշտպանված են ազգային, կրոնական բոլոր համայնքների իրավունքները, բավականին ազատական է տնտեսությունը։

Արդ, ի՞նչ կկատարվեր Սիրիայում, եթե իսլամական ապստամբությունը հաղթեր։ Ամենայն հավանականությամբ, Սիրիան կդառնար իսլամական անհանդուրժողականության, բռնապետական երկիր։ Նման բան սպառնում էր Եգիպտոսին, այսպես կոչված, «արաբական գարուն» հեղափոխությունից հետո։ Սակայն եգիպտացիները արագորեն ուշքի եկան և, փաստորեն վերադարձան Մուբարակի ժամանակներին։

Պաշտոնապես իսլամական անվանումն է կրում մեր հարևան Իրանը։ Բայց, Իրանում, ինչպես աշխարհիկ Սիրիայում պաշտպանված են բոլոր ազգային և կրոնական համայնքների իրավունքները, այդ թվում՝ հրեաների։ Իրանում նաև կատարվում են ընտրություններ և պարբերաբար տեղի է ունենում նախագահի փոփոխություն։ Այնպես որ և Սիրիան, և Իրանը չի կարելի ասել, որ հեռու են ժողովրդավարությունից, ուղղակի նրանց համակարգերը տարբերվում են եվրոպական տիպի ժողովրդավարությունից։

Հարց է առաջանում, իսկ Թուրքիա՞ն․․․Քեմալ Աթաթուրքը դրեց աշխարհիկ Թուրքիայի մոդելը։ Սակայն Թուրքիան արտաքուստ լինելով ժողովրդավարական, իրականում բռնապետական երկիր է. չճանաչելով Թուրքիայում ապրող ազգերի ինքնությունը։ Թուրքիայում բոլորը թուրքեր են՝ մուսուլման, քրիստոնյա և այլն։ «Աշխարհիկ» Թուրքիայում տարբեր տարիներին բռնություններ և կոտորածներ են եղել հայերի, հույների, ալեվիների, քրդերի հանդեպ։ Իսկ էրդողանական Թուրքիան, արդեն ոչ միայն բռնապետական է, այլ ուղղված է դեպի արմատական իսլամ՝ հավակնելով ոչ միայն Օսմանական կայսրության վերականգնմանն, այլ դեպի պանթուրանիզմ։

Ի դեպ, եվրոպական, նույնիսկ ամենաժողովրդավարական համբավ ունեցող երկրներ գաղթած իսլամական երկրներից փախստականները չեն ինտեգրվում այդ երկրների նիստուկացին, այլ շարունակում են ապրել իսլամական ավանդույթներով իրենց փակ համայնքներում։

Իսկ այլ՝ ոչ քրիստոնեական, կամ իսլամական երկրնե՞րը։ Այդ երկրներից որոշները կարողացել են համադրել ժողովրդավարությունն ու իրենց կրոնական կամ փիլիսոփայական ավանդույթները, ինչպես Ճապոնիան, Հնդկաստանը և այլ երկրներ։ Ճապոնիայում կատարվում են ընտրություններ․․․ընդամենը, սակայն այդ ժողովրդավարությունը շատ հեռու է եվրոպականից՝ պահպանելով ճապոնական դարավոր ավանդույթները։ Հնդկաստանում նույնպես կատարվում են ընտրություններ, բայց պահպանվում է կաստայական ավանդական համակարգը և, օրինակ «անձեռնմխելիների» կաստայից անհնար է դառնալ պատգամավոր, առավել ևս՝ վարչապետ։ Իսկ, օրինակ Չինաստանը, ընդհանրապես հեռու է եվրոպական ժողովրդավարությունից, և անկախ այսօրվա կոմունիստական գաղափարախոսությունից, հիմնականում առաջնորդվում է դարավոր փիլիսոփայական ավանդույթներով։

Եթե ամփոփենք վերը նկարագրվածը, ապա այն, ինչ կատարվում է այսօր հանուն «ժողովրդավարության» հաղթանակի, ընդամենը աշխարհաքաղաքական պայքար է, քողարկված «ժողովրդավարական» քողի տակ, ինչպես միջնադարում քրիստոնեության գաղափարախոսության անվան տակ խաչակրաց արշավանքներն էին, կայսերական նվաճումները Աֆրիկայում, Ամերիկայում, այլ մայրցամաքներում։

Եվ բոլոր ապստամբության փորձերն ու հեղափոխությունները, լինեն դրանք Ուկրաինայում, Վրաստանում, արաբական երկրներում, թե վերջերս Ղազախստանում՝ որևէ աղերս չունեն հանուն ժողովրդավարության պայքարի հետ։ Ի վերջո, կարողացա՞վ աշխարհում ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը ժողովրդավարություն հաստատել Իրաքում, Լիբիայում կամ Աֆղանստանում։ Իհարկե, իդեալական կլիներ, որ երկրները հարգելով միմյանց ավանդույթները, համագործակցության եզրեր գտնեին միմյանց հետ, առանց պարտադրելու սեփական արժեքները։ Բայց, նորից կրկնեմ, մարդկության ողջ պատմությունը եղել է պատերազմների, ազդեցությունների տարածման պատմություններ, քողարկվելով «վեհ» գաղափարների ներքո, դրանք լինեն քրիստոնեական, կոմունիստական, թե ժողովրդավարական։ Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է։ Այդ համատեքստում էր նաև 2021թ․ ԱՄՆ-ի կողմից հրավիրված «Ժողովրդավարական» համաժողովը, որին հրավիրված էր խիստ «ժողովրդավարական» Պակիստանը, բայց ոչ՝ «բռնապետական» Իրանը։

Լավ, իսկ Հայաստա՞նը։ Հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ ավանդույթներ ունենք մենք՝ հայերս։

Առաջին հայացքից, պատասխանը պարզ է՝ քրիստոնեական։ Այո՛, բայց ո՞ր ուղղության։ Մենք, ի տարբերություն արևմտյան՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական ուղղությունների, արևելյան քրիստոնեության ուղղության կրողներն ենք, ինչպես ղպտիները, ասորիները և արևելյան աղվանքի այսօրվա մնացորդներ՝ ուդիները։ Զուգադիպություն է, թե ոչ, բայց նրանք բոլորը դարձան պետականազուրկ ազգեր։ Չխորանալով գաղափարական, կրոնական տարբերությունների մեջ, արձանագրենք, որ եթե ուղղափառ աշխարհին ընդամենը շոշափեց Ռեֆորմացիան, ապա մեր տարածաշրջանն ընդհանրապես չառնչվեց Ռեֆորմացիային։

Սակայն, արդյո՞ք․․․Իրականում, բողոքական շարժումներն առաջինը սկսվել են հենց Հայաստանում, վաղ միջնադարում՝ Պավլիկյանների, հետագայում, Բագրատունիների թագավորության ժամանակ՝ Թոնդրակյանների։ Սակայն, երկու շարժումներն էլ ճնշվեցին ամենադաժան՝ հայկական ինկվիզիցիայով՝ օգնության կանչելով օտար Բյուզանդիային։

Ժամանակին կարդացել եմ ավստրիացի մի պատմաբանի հոդվածը։ Ըստ այդ պատմաբանի, թոնդրակյանները հալածվելով Հայաստանում, գաղթել և բալկաններով տեղափոխվել են Եվրոպա, տարածելով իրենց ազատական գաղափարները։ Ըստ ավստրիացի պատմաբանի, Եվրոպայի Ռեֆորմացիայի, այսօրվա եվրոպական քաղաքակրթության համար պարտական են հայ թոնդրակյաններին։

Հետագայում կորցնելով պետությունը, մենք կորցրել ենք նաև պետական ավանդույթները՝ ձեռք բերելով միայն, հարմարվելու, գլուխ պահելու, կղերա- քյոխվայա-հպատակային ավանդույթներ, ավելի ճիշտ՝ ադաթներ, նաև օտարամոլություն։ Հետագայում, հատկապես XIX դարում, կարծում եմ, հայ մտածողներ Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, իրենց գաղափարներով փորձեցին իրականացնել նոր հայկական Ռեֆորմացիա, սակայն ադաթներն այնքան խորն էին, որ այն հաջողություն չունեցավ։

1991թ․ անկախություն ստանալով, մերժելով սոցիալիստական գաղափարախոսությունը և հռչակելով ժողովրդավարություն՝ իրականում մենք վերադարձանք մեր ադաթներին։ Հայոց պետականությունը պետք է հիմք դներ հայոց նորագույն Ռեֆորմացիային։ Ազատականության, անկախ դատական համակարգի համար պետք է պայքարեին քաղաքական-հասարակական գործիչները, մտավորականները, նորաթուխ բուրժուազիան։ Բայց բացի հարմարվողականությունից, քծնանքից, իշխանության ու պաշտոնի ձգտումից՝ ոչինչ չփոխվեց։ Հայաստանում հաստատվեց միջնադարյան կղերա- վասալա- քյոխվայա-հպատակային համակարգը, աղքատությունը, օտարամոլությունը։ Այդ են վկայում վեր խոյացած հարյուրավոր եկեղեցիները, վասալ- ֆեոդալական դղյակները, օտար անունները, ցուցանակներն ու պիտակները։ Իսկ բուրժուազիա՞ն, փոխանակ իր շահերից ելնելով պայքարեր հանուն անկախ դատական համակարգի, մտավ իշխանությունների թևի տակ, իր վասալական հոգեբանությամբ։ Այս տարիների ընթացքում, Հայաստանում չստեղծվեց ոչ միայն կայուն պետական, այլև քաղաքական համակարգ։ Նկատի ունեմ գաղափարական կուսակցություններ։ Եղած «կուսակցությունները» մեկ անձի հպատակների միավորումներ են, որոնք մեծ-մեծ խոսում են ժողովրդավարությունից։

Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, Հայաստանում կատարվեցին որոշակի բարեփոխումներ դատական համակարգում, դե յուրե, անկախ դարձավ դատական համակարգը։ Սակայն ստի և կեղծիքի հեղափոխությամբ եկածները ոչնչացնում են դրանք, ավելի ու ավելի խորացնում քյոխվայա-հպատակային հարաբերությունները։ Իսկ, ներեցեք՝ տարբեր մաստի «առաջադեմներ», ժողովրդավարության ջատագովները, պարզվեց նույն հպատակ-օտարամոլներն են, ուրիշ ոչինչ։ Եվ առնվազն ծիծաղելի է այսօրվա Հայաստանն անվանել ժողովրդավարական։Ի տարբերություն ուղղափառ, իսլամական և այլ մշակույթի երկրների, Հայաստանում չի գործում նույնիսկ հայկական մոդելի «ժողովրդավարությունը»։ Չունենալով պետական ավանդույթներ, որպես պետություն Հայաստանը առայժմ գոյատևում է։ Բայց մինչև ե՞րբ։

Բազմիցս ասել եմ, որ չունենալով  յուրահատուկ պետական, փիլիսոփայական ավանդույթներ, ինքս Հայաստանի պետական մոդելը տեսնում եմ առաջին հերթին իրավական, ժողովրդավարական տիպի՝ հենված ազգային հիմքի՝ լեզվի, մշակույթի վրա։ Այո՛, իրավական, նկատի ունենալով գործադիրից անկախ դատա-իրավական համակարգ, բայց և խիստ ազգային, չշփոթել ազգայնամոլության հետ, օրենքներ, հիմնված պետական-ազգային գաղափարախոսության վրա։ Նման օրենսդրության դեպքում Հայաստանի որևէ քաղաքացու մտքով չպետք է անցներ Արցախը համարել Ադրբեջանի մաս, կամ որևէ թափթփուկ չէր համարձակվի, օրինակ «Անադոլու» գործակալությանը բարբաջել, որ կողմ է Զանգեզուրի միջանցքին։ Համոզված եմ, որ այս մոդելը կնպաստի Հայաստանի զարգացման, անվտանգության համակարգին։ Իսկ դաշնակիցներ ունենալ, անհրաժեշտ է ելնել ազգային շահերից, անկախ դաշնակցի ունեցած քաղաքական համակարգից։ Եվ կարծում եմ, որ սրան հասնելու համար, մեզ անհրաժեշտ է փոխել մեր ավանդական մտածողությունը, հրաժարվել հովանավորներ փնտրելուց, օտարամոլությունից, այսինքն՝ իրականացնել հայկական Ռեֆորմացիա, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու, և՛ հասարակության մտածողության մեջ։ Հակառակ դեպքում, ինչպես բազմիցս ասել եմ, մեզ սպասվում է մեր կրոնական եղբայրներ ասորիների, ուդիների, ղպտիների ճակատագիրը։

Հ․Գ․ Քանի որ ազգային-պետական գաղափարախոսություն արտահայտությունը հավանաբար տարբեր մեկնաբանությունների առիթ կտա, հաջորդ հոդվածով կփորձեմ ներկայացնել իմ պատկերացումները։ Ի դեպ, աշխարհի բոլոր երկրները, անկախ ժողովրդավարական, ավտորիտար, թե բռնապետական լինելուց, ունեն նման գաղափարախոսություններ, որոնք ամրագրված են այդ երկրների սահմանադրության, ազգային անվտանգության, պաշտպանության,կրթական հայեցակարգերի և այլ օրենքների մեջ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31