Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել էր երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրով, տարանցիկ այլ երկրով, Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելը: Սակայն Հայաստանում Կիպրոսի հյուպատոսությունը մերժել էր նրանց մուտքի արտոնագիր տրամադրել՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2019 թ. օգոստոսին Մասիսի 46-ամյա բնակիչը այդ գործընթացը կազմակերպելու համար հիշյալ քաղաքացիների անվամբ հյուպատոսություն էր ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանքներ: 2019 թ. սեպտեմբեր ամսին հիշյալ անձանց Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է, և ապօրինի միգրացիայի կազմակերպումն ավարտին չի հասցվել:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն