ՔՊ նոր պատգամավոր Էդգար Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը Աննա Հակոբյանի հետ որեւէ ազգակցական կապ ունի:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային, որ նա Աննա Հակոբյանի արդեն երկրորդ ազգականն է խորհրդարանում՝ Հրաչյա Հակոբյանից հետո:
Էդգար Հակոբյանն ասաց. «Վերջին երկու օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված, ու դա սուտ է: Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում, որ բարեկամ ենք մենք»:
Կարդացեք նաև
Թե ոնց է հայտնվել իշխանության նախընտրական ցուցակում՝ նա պատասխանեց, որ այն ժամանակ էլ լուրեր էին պտտվում, թե Աննա Հակոբյանի ազգականն է, դրա համար ընդգրկել են ցուցակում, մինչդեռ կուսակցական իր աշխատանքով ու ՔՊ-ում իր գործունեությամբ է արժանացել դրան:
Հարցին՝ ո՞վ է ձեզ առաջարկել ցուցակում լինել՝ նա պատասխանեց. «Ոչ մեկը չի առաջարկել, ուղղակի ընդհանուր գործունեության արդյունքում այդ ամեն ինչը ստացվել է, ոչ մի միջնորդություն չկա: Ինչ խոսվում է, սուտ է: Շատ վաղուց ես եղել եմ թիմում եւ ներգրավված եմ եղել շատ աշխատանքների մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ