Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Ամենագլխավոր նախապայմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները արդեն հաստատել են»

Հունվար 18,2022 17:09

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի գործողություններին եւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ ասաց, որ դրանք, պարզապես, մեր կյանքի շարունակությունն են: «Այնպես չէ, որ 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմանը լարված չի եղել եւ միայն այս տարի է այդ լարվածությունը: Ամբողջովին պետք է գիտակցել եւ հասկանալ, որ մեր սպասումները, թե խաղաղություն ենք ուզում եւ սահմաններին լարվածություն չի լինելու, այդպես չէ: Միակողմանի խաղաղություն չի լինում: Ցանկացած հանդիպումից առաջ, ցանկացած գործողության շրջանակներում Ադրբեջանը սրելու է իրավիճակը՝ փորձելով ճնշում գործադրել: Դա կլինի Թուրքիայի խնդրանքով, սեփական նախաձեռնությամբ, դա կլինի որպես հետեւանք Ղազախստան զորք ուղարկելուն, որը, կարող է, եւ շատ ճիշտ որոշում էր, եւ դա հիմա չեմ քննարկում, բայց ցանկացած այդ տեսակի որոշում ունենալու է հետեւանք: Եվ դա մենք պետք է գիտակցենք: Այնպես որ, պետք է պատրաստ լինենք՝ պատերազմը չի ավարտվել: Այս միտքը տալիս է Ադրբեջանի վարքագիծը: Այս քաղաքականությունը գալիս է 1994 թվականից եւ մենք դրան պետք է միշտ պատրաստ լինենք:

Հայ-թուրքական օրակարգն էլ ունի իր տրամաբանությունը, որը երկար ու ձիգ տարիներ նույն գաղափարով է արվել: Թուրքիան ամեն անգամ տարվա սկզբին փորձում էր Հայաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ակտիվացնել մինչեւ ապրիլի 25-ը: Այս անգամ տեսանք, այո, տեղի է ունեցել հանդիպում: Սա մենք իմացել ենք հանրային իմաստով: Թե ոչ հանրային ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ խոսակցություններ են նախկինում եղել, որեւէ մեկը չի կարող ասել: Պարզապես, այս անգամ մամուլից էինք հասկանում, որ Թուրքիայի իշխանությունները ինչ-որ չափով իրենց ժողովրդի հետ կիսվում էին, ինչին հետո մեր իշխանությունները արձագանքում են:

Այնուամենայնիվ, գործընթաց է, որի բոլոր պարագաներում Թուրքիան երբ կհասնի իր շահերի բավարարմանը, կնախաձեռնի իր քայլերը: Եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան իր շահերի բավարարմանը չհասավ՝ Զանգեզուրի միջանցք տրամադրելը, Հայաստանի՝ հանրային ձեւով բոլոր բաներից հրաժարվելը, կամ եթե Հայաստանի իշխանությունները ապրիլի 24-ին կորոշեն ցեղասպանության հետ կապված միջոցառումների կազմակերպել, Թուրքիան այդ օրվանից հետո կասի. այ, տեսա՞ք, ասում եք առանց նախապայմանների, իսկ հայերը նախապայմաններ են օգտագործում:

Բայց ամենագլխավոր նախապայմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները արդեն հաստատել են: Թուրքիան ամեն ինչ պայմանավորելու է Ադրբեջանի դիրքորոշումներով: Ադրբեջանն էլ ասում է. մենք ողջունում ենք, վստահ ենք, որ մեր ղեկավարությունները պետք է այն մակարդակով օգտագործվեն, որ կարողանանք մեր բոլոր խնդիրները լուծենք, նոր դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորենք»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31