Բերդ համայնքում գտնվող հայտնի Տավուշ ամրոցի պեղումները կշարունակվեն նաև այս տարի: 2022 թ. ՀՀ-ում հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այդ մասին Aravot.am -ի հետ զրույցում նշեց Տավուշ ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանը: Այս տարվա պեղումների ծրագիրն արդեն հաստատվել է և առաջիկայում 4 հոգանոց արշավախումբը կսկսի աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի նպատակն է պարզել հնավայրի տարածքում առկա կառույցները, շինարարական փուլերը, հնագիտական նյութերով հստակեցնել թվագրությունը և առհասարակ՝ ամրոցի պատմական ուղին: Թեպետ շրջակայքում պեղումներ բազմիցս են կատարվել, սակայն ամրոցի հիմնադրման ստույգ թվականը մնում է անհայտ: Գրավոր սկզբնաղբյուրներում բերդը հիշատակվում է X-XIII դդ.: Ամրոցը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ միջնաբերդ և ստորին բերդ:
Արշավախումբը պեղումներ սկսել է դեռևս 2020թ-ից: Հնագիտական ուսումնասիրությունները ներառում են և´ ստորին բերդի, և´ միջնաբերդի տարածքը: Մինչ օրս արշավախումբը հայտնաբերել է հնագիտական իրեր՝ կճուճներ, թասեր, զարդեր, մետաղե բազմապիսի իրեր և այլն: Գիտական տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն միջնաբերդից գտնված երկաթեդարյան ժամանակաշրջանի կենդանակերպ անոթների մասերը, ինչպես նաև միջնադարյան թրծակավե պատկերազարդ սալիկների օրինակները:
Այս տարի հնավայրի որոշ հատվածներում նախատեսում են նաև ստուգողական պեղումներ՝ նախաքրիստոնեական հնարավոր շերտեր փաստագրելու նպատակով: Տիգրան Ալեքսանյանը լիահույս է, որ նոր պեղումները կօգնեն հասկանալ ամրոցի տարածքի վաղագույն բնակեցման և օգտագործման խնդիրները:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Ալեքսանյանի