Էլ ի՞նչ պետք է լինի, դուք ոչինչ չեք կարողացել կանխել, ընդդիմության գործունեությունն ինչքանով է արդարացված: Այս հարցին ի պատասխան՝ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նախընտրական շրջանում հստակ ասել են, որ գալիս են՝ արժանապատվությունը վերականգնելու. «Ես սա ՀՅԴ-ի անունից եմ ասում՝ երբեք չենք համակերպվելու Արցախի կորստի հետ: Ուզո՞ւմ ես ՀՅԴ-ի տեսակետը՝ Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն: Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը: Եթե լինի ազգային իշխանություն, վերականգնի մեր բանակը, հնարավորությունը, ռեսուրսները, այս ամեն ինչը, ինչը տեղի է ունեցել, դատավճիռ չէ»:
Սաղաթելյանն ասաց, որ նրանք, ովքեր կհրաժարվեն այդ իրավունքներից ու կասեն՝ Հադրութն ու Շուշին Ադրբեջանինն են, դրանք դավաճան, հայկական պատմական տարածքներից հրաժարվող մարդիկ են:
Փոխանցեցինք, որ իշխանությունները, մասնավորապես, Գագիկ Մելքոնյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ եկավ իշխանության՝ Ղարաբաղի հարցը լուծելու, բա ինչո՞ւ չլուծեց իր իշխանավարման ժամանակ՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Ափսոսում եմ, որ այդպիսի զինվորական ենք ունեցել: Այսինքն, մարդը, որը կանգնում ու ասում է՝ ադրբեջանցիները մեր թշնամիները չեն, երբ ինքը ամբողջ կյանքում զինվորական է եղել ու իր աչքի դեմը հաստատ մարտական ընկերներ են զոհվել, երիտասարդ տղերք: Ուզում եմ հասկանալ՝ հանուն ինչի՞ են այս մարդիկ այսքան ստորացվում, այսքան իջնում, հրաժարվում ամեն ինչից: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ազատագրվել է Արցախը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ