«Այն բոլոր սադրանքները, որ փորձում են գցել ընդդիմության գրպանը, թե ընդդիմությունը պատրաստ չէ բովանդակային քննարկման, այդ իրե՛նք պատրաստ չեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ չեն, բայց խնդիր է՝ ինչի գնով ու ինչի հաշվին. «Այս իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ շահերը ամենամեծ ցանկության դեպքում: Նախկինում նաեւ բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ ու կորուստներ չենք ունեցել: Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը պատերազմից հետո այլեւս նույն Հայաստանը չէ, հետեւաբար իրենք տանում են երկիրը մի նոր ու վտանգավոր ցիկլի մեջ: Եթե առաջին դեպքում իրենց բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»:
Սաղաթելյանն ասաց, որ մինչեւ իշխանություն լինելը՝ Փաշինյանն ու իր թիմը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի նկատմամբ այլ կերպն էր արտահայտվում, դարձան իշխանություն, փոխվեցին, իսկ ՀՅԴ-ն երբեք իր տեսակետները չի փոփոխել:
Կարդացեք նաև
Խոսելով Քոչարյանի օրոք գաղտնի բանակցությունների եւ նամակի մասին՝ Սաղաթելյանն ասաց. «Այդ նամակը մամուլում հրապարակվել է: Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է այդ բովանդակությամբ նամակ ուղարկել Էրդողանին»:
Հարցին՝ ե՞րբ եք իմացել Քոչարյանի գաղտնի բանակցությունների մասին Թուրքիայի հետ ու եթե դեմ եք եղել բանակցություններին, ինչպե՞ս եք իր թիմի մաս կազմում՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ առանց նախապայմանների բանակցություններին իրենք ըմբռնումով են մոտեցել, բայց մեր կողմից որեւէ զիջում ու որեւէ նախապայմանի բավարարում անհանդուրժելի է, կապ չունի, թե որ իշխանությունն է. «Փաստը հետեւյալն է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ զիջումները չեն եղել: Հայտնի նամակի մեջ գրված է, որ մեր պետությունների ներկան ու ապագան չեն կարող որոշել պատմաբանները»:
Սաղաթելյանն ասաց, որ Քոչարյանի ժամանակ իրենք շատ հստակ իրենց դիրքորոշումը ներկայացրել են. «Եթե չեմ սխալվում, նույնիսկ Օսկանյանի հրաժարականն ենք պահանջել»:
Թե ինչու Հայ դատի գրասենյակը, սփյուռքը այս գործընթացների նկատմամբ հանդուրժող են՝ Սաղաթելյանը վստահեցրեց, որ չեն հանդուրժելու. «Ձախողելու ենք, այս ամեն ինչի վիժեցնելու ճանապարհը դիմադրությունն է, պետք է անենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ