Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվել երկուստեք քննարկել ոչ սուր անկյուններ առաջացնող, այլ՝ դրական հարցերը». Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին

Հունվար 18,2022 16:25

ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական երկխոսության հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, երկու երկրների ԱԳՆ-ները տարածել են հաղորդագրություն ու ամրագրել են, որ կողմերը շարունակելու են բանակցությունները՝ առանց նախապայմանների:

Ռուբինյանը հաստատեց, որ առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, թե հետո ինչպես կընթանա՝ կախված է կողմերի պատրաստակամությունից եւ կառուցողականության շարունակականությունից. «Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, հասնել սահմանի բացմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: ՀՀ-ն անկեղծ է իր այդ մոտեցման մեջ եւ հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նմանատիպ կառուցողականություն կցուցաբերի»:

Հարցին՝ չե՞ք բացառում, որ Թուրքիան նախապայմաններ ներկայացնի բանակցությունների ընթացքում՝ քայլ առ քայլ բացելով խաղաքարտերը՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում սպեկուլյատիվ քննարկումների մեջ մտնել: Ես կարող եմ ֆիքսել այն, ինչ կա այս պահին»:

Ռուբինյանը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվեն բովանդակային բանակցությունների մեջ, որովհետեւ մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ եւ դա առաջին հերթին սահմանի բացումն է. «Մենք ասել եւ ասում ենք, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել հարաբերությունների կարգավորմանը: Ցեղասպանության ճանաչումը ՀՀ որեւէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման՝ որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախապայման: Այս առումով ոչինչ չի փոխվել»:

Դիտարկմանը, որ Էրդողանը Զանգեզուրի միջանցքից է խոսում, այսինքն, ցույց է տալիս իր հավակնությունները՝ Ռուբինյանն արձագանքեց. «Մենք հակառակ կողմից այս պահին ունենք ֆիքսված մի բան, դա մամլո հաղորդագրություններն են, որ կողմերը պայմանավորվ ել են բանակցությունները շարունակել՝ առանց նախապայմանների»:

Ռուբինյանը հորդորեց լրագրողներին Զանգեզուրի միջանցք արտահայտությունը չօգտագործել: Չնայած Զանգեզուր բառը պատմական հայկական բառ է, բայց այդպիսի վարչատարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ. «Որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ Հայաստանը պետք է էքստերիտորիալ իմաստով միջանցք տրամադրի այլ կողմին: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք եզրույթը օգտագործվում է մեկ անգամ եւ վերաբերում է Լաչինի միջանցքին»:

Հետո Ռուբինյանը որոշ փակագծեր բացեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ առաջին հանդիպումից. «Բանակցությունների ամբողջ իմաստն ի՞նչ է՝ կա իրավիճակ, որը մեզ ձեռնտու չէ եւ կարծում եմ, նաեւ ձեռնտու չէ Թուրքիային: Մենք ուզում ենք, որ սահմանը բաց լինի ու պատրաստ ենք բանակցել դրա շուրջ: Ինչ վերաբերում է մեր առաջին հանդիպմանը, հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում եւ հիմնականում մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչպես ենք տեսնում գործընթացը ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ բովանդակային իմաստով: Փորձ է արվել երկուստեք քննարկել ոչ սուր անկյուններ առաջացնող հարցերը, այլ՝ դրական հարցերը: Թե ինչ կլինի հետո, կախված է Թուրքիայի կառուցողականության աստիճանից, բովանդակային բանակցությունների մեջ ընդգրկվելու պատրաստակամության աստիճանից: Առաջին հանդիպումը գնահատում եմ դրական»:

Հարցին՝ որպես բանակցող ձեզ համար ճնշող չէ՞ր, որ սահմանին ունեցանք 3 զոհ ու լարվածություն, սա ուժի ցուցադրության օրինակ չէ՞ր՝ Ռուբինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ճնշումների տրվելով՝ իր կենսական շահերից երբեք չի հրաժարվելու»:

Հաջորդ հանդիպման ժամի եւ վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31