Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության պարտադիր ապահովագրություն են ներդնում, որ մարդիկ տուն-տեղ չծախեն, պարտքերի տակ չընկնեն. Լենա Նանուշյան

Հունվար 18,2022 16:20

Եկող տարի մեր երկրում կներդրվի առողջության ապահովագրության համակարգ: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

«Տնային տնտեսություններում հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ Հայաստանի հանրապետությունում շատ հաճախ աղքատանում են՝ հենց առողջապահական ծախսերի պատճառով: Ոչ միայն աղքատանում են, այլեւ միջին եկամտային խմբից կարող են տեղափոխվել ավելի ցածր եկամուտ ունեցող խումբ»,-համակարգի անհրաժեշտությունն այսպես բացատրեց փոխնախարարը՝ նշելով, որ առողջապահության ապահովագրությունը ներդնելու նպատակներից մեկն էլ մեր քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությունը մեծացնելն է:

Լենա Նանուշյանը նաեւ ասաց, որ մարդիկ տարիներով հետաձգում են իրենց առողջական խնդիրները, ֆինանսների բացակայության պատճառով չեն դիմում բժշկի, եւ դիմում են այն ժամանակ, երբ ծայրահեղ ու խոցելի վիճակում են լինում, իսկ բժշկական ծախսերն այդ ժամանակ կրկնապատված, եռապատկված են լինում. «Այդ պարագայում ստիպված են լինում դիմել ծայրահեղ քայլերի՝ վարկեր են վերցնում, ընկնում պարտքերի տակ, անշարժ գույք են վաճառում, որպեսզի կարողանան իրենց հարազատի կամ իրենց համար վիրահատական եւ բժշկական այդ ծախսերը հոգալ»:

Փոխնախարարի համոզմամբ, համակարգի ներդրումն այդ հարցերը կլուծի, այսինքն մարդիկ ոչ թե կվճարեն հենց հիվանդություն ունենալու պահին, այլ՝ կա՛մ նրանց համար պետությունն ամբողջովին կֆինանսավորի այդ ծառայությունների հասանելիությունը, կա՛մ, եթե աշխատող են, իրենց ամսական կանխավճարներով կապահովագրեն իրենց առողջությունը:

Ասաց, որ ապահովագրության փաթեթն անվանել են «համապարփակ», քանի որ ծառայությունները հասանելի են լինելու հասարակության բոլոր խմբերին:

Հարցին՝ երկրում գնաճ է, մի շարք ապրանքատեսակներ թանկացել են, բայց աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել, սակայն ապահովագրավճարները պահվելու են աշխատողի աշխատավարձից, արդյոք խնդիր չե՞ք տեսնում, փորձագետ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը պատասխանեց՝ այո, խնդիր կա, բայց մյուս կողմից համակարգի ներդրումը հետաձգելը ճիշտ չէ, որպեսզի մարդիկ էլ չհետաձգեն իրենց հիվանդության բուժումը:

«Ապահովագրությունը ենթադրում է, որ քո եկամտից ամսական որոշակի կանխավճար ես կատարում եւ, երբ որ ծառայությունը ստանալու անհրաժեշտություն կա, այդ ծառայությունը ստանում ես անվճար: Այսինքն՝ մարդիկ չեն հետաձգում իրենց ծառայություներ ստանալը, չեն հետաձգում բժշկի դիմելը, ինչը բարելավում է հիվանդացության ցուցանիշները, հաշմանդամության հետ կապված կյանքի կորուստներ չենք ունենում, նաեւ՝ արտադրողականության, ինչը շատ կարեւոր է տնտեսության համար»,-ասաց Սամվել Խարազյանը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում հայտնի է, որ առողջապահության համար կատարվող ծախսերն ուղղակի ծախսեր չեն, դրանք ներդրումներ են մարդկային կապիտալի, մարդկանց առողջության մեջ, որը հետագայում ապահովում է տնտեսության աճը. «Եթե մարդիկ առողջական խնդիրներ ունեն, նրանց, թե՛ կյանքի որակը, թե՛ արտադրողականությունը նվազում է, ինչը, բնականաբար, ընդհանուր առմամբ անդրադառնում է տնտեսության վրա»:

Լենա Նանուշյանի խոսքով, ապահովագրության փաթեթում ներառել են բոլոր բժշկական ծառայությունները, որոնք իրականացվում են Հայաստանում, անգամ ստոմատոլոգիական որոշ ծառայություններ: Սակայն փաթեթում ներառված չեն, օրինակ՝ իմպլանտի տեղադրումը, վիրահատական այնպիսի ծառայություններ, որոնք նորագույն տեխնոլոգիաներով են, թանկարժեք եւ նույնիսկ Հայաստանում հասանելի չեն: ԱՆ պաշտոնյայի խոսքով, ներառված չեն նաեւ պլաստիկ վիրահատությունները. «Ապահովագրության փաթեթում ներառել են փոխպատվաստման ծառայություններ, սրտանոթային հիվանդությունների բուժումը, վիրահատությունը: Նաեւ հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում հաճախ օգտագործվող դեղորայքը»:

Ապահովագրության վճարն, ըստ Լենա Նանուշյանի, կատարելու է ե՛ւ գործատուն ե՛ւ աշխատողը՝ 3 տոկոսի սահմաններում. «Եթե ընդլայնվեն փաթեթի ծառայությունները 3 տոկոսը կավելանա, եթե նվազեցվի՝ այդ 3 տոկոսը կնվազի: Պետության մասնակցությունն ավելի մեծ է լինելու»:

Նախարարի տեղակալը նաեւ հայտնեց, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31