Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հանգիստ վերաբերվելու ժամանակ, կա սաստելու ժամանակ, ես այդ ժամանակը գիտեմ». Ռուբեն Ռուբինյան

Հունվար 18,2022 15:53

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց բանակցությունների մասին հարցադրումներին:

Aravot.am-ի հարցին՝ քաղհասարակությունից մտահոգություններ են հնչում, որ Հայաստան-Թուրքիա բանագնացի եւ ԱԺ փոխխոսնակի պարտականությունները անհամատեղելի են եւ ԱԺ-ի այս երկու օրերի քննարկումներն էլ ցույց տվեցին, որ միմյանց նկատմամբ վիրավորանքներ, ցեխարձակումներ են, ձեր վարկանիշի անկումը կբերի բանակցություններում Հայաստանի վարկանիշի անկմանը, դուք կիսո՞ւմ եք մտահոգությունը՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես նույնպես կարդացել եմ պարոն Բորիս Նավասարդյանի դիրքորոշումը: Կարծում եմ, նա իրավացիորեն մատնանշել է, որ կա այսպիսի հանգամանք, որ ըստ էության հատուկ ներկայացուցիչը անձ է, տվյալ դեպքում՝ ես, որը ամենօրյա հանրային գործունեությամբ է զբաղվում: Արդյոք դա որոշակի բարդություններ առաջացնո՞ւմ է, մասնավորապես, դուք ականատես եղաք երեկ՝ այո, որոշակի առումով առաջացնում է: Բայց դա կարող էր չլինել, եթե մեր ընդդիմությունը մնար կոռեկտության սահմաններում եւ փորձեր բովանդակային առումով քննարկեր Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցը, այլ ոչ մանիպուլյացիոն: Իմ՝ ամենօրյա հանրային գործունեությամբ զբաղվելը ունի նաեւ դրական կողմեր, օրինակ, դուք՝ լրագրողներդ, մեր ընդդիմադիր գործընկերներն ունեք ինձ ավելի հաճախ հարցեր տալու ե՛ւ ամբիոնից, ե՛ւ փակ, ե՛ւ բաց ռեժիմով»:

Ճշտեցինք՝ ինչու Քըլըչը մեկուսացա՞ծ է՝ Ռուբինյանն արձագանքեց, որ ոչ, ինքը զուտ տեխնիկական առումով է ասում. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է հիմնվենք երեկվա իրադարձությունների վրա, չեմ կարծում, որ մեր հարգելի եւ սիրելի ընդդիմությունը կշարունակի գործել այդ ոճով, կարծում եմ, իրենք էլ հասկացան, որ ոչ մեկի օգուտ չի տալիս նման ոճը: Ես հանգիստ եմ վերաբերվում իմ անձի վերաբերյալ հնչող մանիպուլյացիաներին, որովհետեւ ես միշտ դրան պատրաստ եմ եղել: Բնական է, որ տարբեր ուժեր փորձելու են վարկաբեկել գործընթացը, վարկաբեկել ինձ, թե ում է դա ձեռնտու…»:

Լրագրողների դիտարկմանը, որ երեկ հանգիստ չէիք վերաբերվում, գոռգոռում էիք, ափերից դուրս էիք եկել՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ո՛չ, ես երբեք ափերից դուրս չեմ գալիս, բայց կա հանգիստ վերաբերվելու ժամանակ, կա սաստելու ժամանակ եւ այսպես շարունակ: Ես այդ ժամանակը գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31