Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Հայ-թուրքական հարաբերությունների լավացումը տեղին կլիներ գոնե 2025 թվականից հետո»

Հունվար 18,2022 15:27

2009-ին նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը համեմատելով այսօր տեղի ունեցող գործընթացի հետ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է՝ հիմա իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, այդ թվում՝ ներքաղաքական։

Այսօր «Հայելի» ակումբում Արտակ Զաքարյանն անդրադառնալով ցյուրիխյան արձանագրություններին (ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին արձանագրություններ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու մասին- Ն․Բ․ ), հիշեցրեց՝ այն ժամանակ իշխանությունները հասարակության համախմբման մասին մտածում էին, Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր համահայկական այցելությունների շարք գրեթե բոլոր խոշոր համայնքներում, սփյուռքի կազմակերպություններում, նույնիսկ բողոքի ցույցեր էին տեղի ունենում․ «Եվ դա շատ նորմալ գործընթաց էր, աշխարհը հասկանում էր, որ հայ ժողովուրդն իր քաղաքական կամքի շրջանակներում փորձում է հարեւանների հետ լավ հարաբերություններ կառուցել այնքանով, որքանով դա հնարավոր է՝ առանց նախապայմանների։ Իսկ այն ժամանակվա Թուրքիայի քաղաքականությունը՝ «զրո խնդիր հարեւանների հետ» նախաձեռնությունն ընդունվել էր ՀՀ իշխանության կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ հայտարարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող առնչություն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ եւ երրորդ երկրները, նկատի ունենալով Ադրբեջանին, իրավունք չունեն իրենց շահերը կամ պատկերացումները թելադրել Թուրքիային կամ Հայաստանին»։

Զաքարյանի խոսքով՝ մինչեւ 2018 թվականը Թուրքիան որեւէ հնարավորություն չի ունեցել ազդելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, ո՛չ միջազգային հարթակներում, եւ ո՛չ էլ տարածաշրջանում։

«Այսօր այս խայտառակ կառավարման արդյունքում ոչ միայն Թուրքիան, այլեւ Ադրբեջանն է իր ամենամերկանտիլ շահերը տեղավորում Թուրքիայի շահերի մեջ, եւ Թուրքիան բացահայտ ասում է, որ Հայաստանի հետ մեր շահերը անմիջապես պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով, որ պահին ադրբեջանցիները չցանկանան, հարաբերությունները տեղի չեն ունենա»,-ասաց Զաքարյանը։ Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական միջավայրը փոխվել է 180 աստիճանով․ «Այսպիսի կոտրված, արնաքամ վիճակում խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, էլ չասեմ բիզնես անելուց, թուրքերին Գյումրիում բուժելուց, մերոնց՝ Կարսում բիզնես անելուց․․․ սա ուղղակի աշխարհի համար ծիծաղելի է»։

Արտակ Զաքարյանն ասաց, որ այսօրվա աշխարհակարգն էլ այլեւս վերահսկելի չէ, այսօրվա անվտանգային ճարտարապետությունը՝ ՌԴ –ԱՄՆ հարաբերությունները, ՆԱՏՕ- ՀԱՊԿ, խարխլվում են․ «Աստված չանի, եւ այն ամբողջությամբ չգործելու պարագայում Հայաստանը կախման կետ չի ունենալու, եւ մենք մեր անվտանգային միջավայրն այս խարխլված, փխրուն անվտանգային միջավայրը որեւէ կերպ չենք կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից։ Այդ ժամանակ դարպասները բաց են լինելու, իսկ էքսպանսիան ոչ միայն ուժի տեսքով է լինելու, այլ նաեւ մշակութային, բիզնեսի, տարբեր տիպի հարաբերությունների տեսքով, եւ Հայաստանը պետությունից վերածվելու է ուղղակի տարածքի, մեծ միջանցքի, որտեղով անցնելու են բոլորն՝ ամենքն իր ամբիցիայով։ ՀՀ-ն այս պարագայում իմունիտետ չի ունենալու ազգային շահերը պաշտպանելու համար։ Մենք դառնալու ենք անհասկանալի միջավայր, որի հետ ոչ ոք հաշվի չի նստելու, որովհետեւ ոչ բիզնեսն է քոնը լինելու, ոչ անվտանգություն, ոչ մշակույթը, ոչ էլ քաղաքական նախաձեռնությունները։ Նիկոլենք սա շատ լավ հասկանում են, որովհետեւ սա ապագայի խնդիրն է, իրենք հիմա բոլոր հնարավոր խնդիրները ստեղծում են ապագա Հայաստանի համար։ Ներկայի համար որքան հնարավոր է՝ ստեղծել են»։

Ըստ Զաքարյանի, հայ-թուրքական հարաբերությունների լավացումը կարող էր տեղին լիներ, եթե գոնե 2025 թվականից հետո վստահ լինեինք, որ ռուս խաղաղապահները շարունակելու են առաքելությունը, երբ վերականգնված լիներ Մինսկի խմբի ձեւաչափը եւ Արցախի կարգավիճակի խնդիրը կլիներ օրակարգային, երբ Ադրբեջանը կլիներ բանակցությունների մեջ, ոչ թե կասեր՝ չկա Արցախի խնդիր, երբ մեր սահմանները օկուպացված չէին լինի հենց նույն Ադրբեջանի կողմից, երբ մեր տնտեսական իրավիճակը կառուցվածքային առումով նորից վերականգնված կլիներ եւ մենք կիմանայինք թե ԵԱՏՄ-ում ինչ ենք անում, ինչ տեղ ենք զբաղեցնում․ «Հիմա այս խառնաշփոթի մեջ գտել են Ռուբեն Ռուբինյան, որին ուղարկել են Մոսկվա, որ Թուրքիայի հետ պաշտոնապես նշանակված բանակցողի հետ փակ օրակարգով, հայկական սփյուռքի համար անհասկանալի փակ օրակարգով քննարկի։ Ու Արեւմուտքը ողջունում է։ Ի՞նչն են ողջունում, օրակարգը ո՞րն է, պարզ չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31