Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ռուբինյան, երբ խոսում եք պատմական անցյալի դասերից, դա է մեզ իրավունք տալիս ձեզնից ինչ-որ բան պահանջելու»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 18,2022 15:15

«Արձանագրենք պարոն Ռուբինյանի անկեղծությունը, երբ նա խոսեց պատմական անցյալի մասին, թեեւ որոշ փաստեր մասնակի կամ ամբողջովին․․․կարեւոր չի, կարեւորն այն է, որ անդրադարձ եղավ այն ժամանակահատվածին, երբ կերտվում էր հայոց պետականությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ելույթին, որում նա մատնանշում էր այդ թվում ՀՅԴ-ի պատմական անցյալը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա շեշտեց, որ այսօրվա ՀՀ-ն ծնունդն է անցյալի հերոսական պայքարի․ «Պարոն Ռուբինյան, երբ խոսում ենք պատմական անցյալի դասերի ու թերությունների մասին, դա է մեզ իրավունք տալիս ձեզանից ինչ-որ բան պահանջելու։ Ոչ թե պետք է մտածել, թե ինչ բացասական բան է պետք վերագրել ՀՅԴ-ին ձեր ասած ժամանակահատվածում, այլ ընկալել ու կատարել շատ ավելի դրական քայլեր՝ հիմնվելով նախկին փորձի վրա։ Ասացիք, որ անձնավորել պետք չէ, որ պետության մասին է խոսքը։ Համաձայն եմ։ Դիմում եմ քաղաքական մեծամասնության այն ներկայացուցիչներին, որոնք մեր անցյալին անդրադառնալով՝ ուղղակի կամ անուղղակի հարվածում են հայկական պետականությանը։ Երբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներն եք վկայակոչում, ինչո՞ւ ձեռքբերումները չեք ասում պետականության տեսանկյունից։ Եթե ամեն ինչ վատ էր ու սեւ, այս պետականությունն ինչպե՞ս հասավ ձեզ։ Ինչո՞ւ եք միայն թիրախավորում նախկին նախագահներին, միայն նրա համար, որ նրանք հիմա քաղաքականության մե՞ջ են»,-հարցադրումներ արեց Արծվիկ Մինասյանը։

Ապա նա կոչ արեց ԱԱԾ-ին հետեւել ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններին ու ընթացք տալ դրանց։

Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Այո, համաձայն եմ, որ պետք չի մերկապարանոց հայտարարություններ անել, որ պետք է հաղորդում տալ հանցագործության մասին, բայց չեմ հասկանում ձեր զայրույթը, որովհետեւ այդ ամենը ձեր խմբակցությունից է սկսվել։ Հուսամ՝ այսքանով կավարտենք վհուկների որսը եւ կմտնենք քննարկումների դաշտ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31