«Սա գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, անհասկանալի, անբացատրելի դրսևորում»,- դատարանի դահլիճում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով դատարանի՝ իր՝ ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդության հետ կապված որոշմանը:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայության թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Արմեն Գևորգյանը, անդրադառնալով նախագահող դատավորի այն պնդումներին, թե հիմնավոր պատճառներ ներկայացված չեն միջնորդության համար, ասաց. «Ես ասում եմ ԱԺ-ում քննարկումների մասին, Դուք ասում եք, որ հիմնավորումներ չենք ներկայացրել: Այս տեղեկությունն անհապաղ ներկայացնելու եմ ԵԽԽՎ ղեկավարությանը. սա արդեն անթույլատրելի է, բոլոր սահմաններն անցնում եք»:
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ փաստեց՝ այն, որ Աննա Դանիբեկյանն իր որոշումը հիմնավորում է, թե հունվարի 25-ին տեղի է ունենալու դատական նիստ, միևնույն է, Արմեն Գևորգյանը չի մասնակցելու, քանի որ առցանց մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին: Այնուհետև նշեց. «Խնդրում եմ պարզաբանել Ձեր որոշումը: Դուք Ձեզ վրա վերցրել եք մի քանի մարմինների լիազորություններ, Դուք եք որոշում՝ Արմեն Գևորգյանն առցա՞նց մասնակցի նիստին, թե՞ ոչ, մինչդեռ Դուք նման լիազորություն չունեք»:
Կարդացեք նաև
Աննա Դանիբեկյանն ասաց՝ դատարանը որևէ բան չունի պատճառաբանելու: Նա հայտնեց, որ ցանկանում է քննարկել Լուսինե Սահակյանի և Էրիկ Ալեքսանյանի՝ ՍԴ դիմելու մասին միջնորդությունները: Լուսինե Սահակյանը հիշեցրեց՝ ՍԴ-ն կայացրել է իր որոշումը, և դրա պատճառաբանական մասում բավականին լուրջ հատված տրամադրել է նրան, որ եթե նույնիսկ Արմեն Գևորգյանի հետապնդումը պիտի շարունակվի, դատարանն իրավունք չունի նրա պատգամավորական գործունեությանը խոչընդոտել, և պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք: Մինչդեռ Լուսինե Սահակյանի փաստմամբ՝ այժմ էլ խախտվում են Արմեն Գևորգյանի՝ պատգամավորի իրավունքները, քանի որ այսօր ՀՀ ԱԺ նիստ է գումարվել, և նա չի կարողանում մասնակցել դրան:
Ուստի Լուսինե Սահակյանը խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի Արմեն Գևորգյանը հնարավորություն ունենա մասնակցել ԱԺ նիստին: Աննա Դանիբեկյանը հիշեցրեց՝ նախորդ դատական նիստին էլ էր Լուսինե Սահակյանը միջնորդել դատական նիստը հետաձգել, ուստի ամեն անգամ չի կարող դատական նիստ հետաձգել: Լուսինե Սահակյանն էլ վրդովվեց, թե դատարանը միաժամանակ չի կարող բոլոր այս միջնորդությունները քննել, քանի որ արդեն իսկ խախտվել են իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանի իրավունքները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ