«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ ավարտվեց ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթը։ Բնականաբար մասնակցելով այդ մրցույթին ամենևին նպատակ չունեի հաղթելու և ոչ էլ կարծում էի, թե այս իշխանությունն իր կարևորագույն, բայց անարժեք, իր իշխանությունը պահպանելու համար կենսական նշանակության գործիքը կարող է հանձնել որևէ այլ մեկին, այն էլ՝ հատկապես ինձ։
Մրցույթն անցկացվեց աննախադեպ խախտումներով, կոպտագույն ապօրինությամբ։
Այսպես.
Կարդացեք նաև
1) Մրցութային հանձնաժողովն այն տեսքով, որ գոյություն ուներ, չէր կարող գոյություն ունենալ, քանի որ չկար այդ տեսքով հանձնաժողով ձևավորելու իրավական հիմքը։ Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ստորագրել էր հրաման, որը ստորագրելու իրավունքը չուներ։ Իրավական հիմքի բացակայության մասին պնդումս ընդունեց նաև հանձնաժողովը, սակայն, ինչպես միշտ, իրավիճակին տվեց տարօրինակ մեկնաբանություն։ Պնդեցին, թե նորմի բացակայությունը հիմք չէ գործողությունը չկատարելու համար։ Մինչդեռ Սահմանադրությունը նախատեսում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2) Մրցույթն անցկացվում էր մեկ փուլով, հարցազրույցի տեսքով։ Մինչդեռ բարձրաձայնեցի, որ դա օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.2-րդ մասն ուղիղ սահմանում է, որ «Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի»։ Բացատրեցի հանձնաժողովին, որ օրենքով սահմանված պարտադիր կանոնը չպահպանելով նախ կասկածի տակ է դրվում տվյալ մրցույթով հաղթողի նշանակումը հենց սկզբից։ Ինչպես նաև կարող է առաջացնել մրցակցության պայմանների խախտում, քանի որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը։ Իսկ օրենքի պահպանմամբ մրցույթն անցկացնելու դեպքում հնարավոր է, օրինակ՝ ես լինեմ միակ հաղթողը։
Իհարկե այս պնդմանս էլ անհեթեթ մեկնաբանություններ տրվեցին, որը քննարկելու համար ոչ ժամանակ ունեի և ոչ էլ իմաստ էի տեսնում։
3) Այս ամենից հետո, այնուամենայնիվ, որոշեցի շարունակել մասնակցությունս, որպեսզի բացահայտեմ հետագա ապօրինությունները։ Գրանցվեց հաջորդ ապօրինությունը։ Հարցազրույցի ավարտից հետո խնդրեցի տրամադրել հարցազրույցի տեսագրությունը։ Իհարկե տեսնում էի, որ չի տեսանկարահանվում, մինչդեռ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.2-րդ մասը կրկին սահմանում է, որ «Հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է»։ Հանձնաժողովը պնդեց, թե այդպիսի կանոն օրենքը չի նախատեսում։ Խնդրեմ, կարող եք բոլորդ բացել օրենքը և անձամբ համոզվել, որ սահմանված է տեսանկարահանման պարտադիր պայման։
Այսքանով ավարտվեց տեղում ապօրինությունների բացահայտումը։ Հետագա քայլերս արդեն կլինեն բողոքարկմամբ։ Պահանջելու եմ անվավեր ճանաչել ապօրինի անցկացված մրցույթի արդյունքները։
Հ.Գ. Հանձնաժողովի անդամները հարցեր էին տալիս Սահմանադրությունից, աշխատանքային օրենսգրքից և այլ իրավական ակտերից, որոնց լուրջ պատասխանելն այլևս անիմաստ էր։ Հարցերում էլ իհարկե բազմաթիվ խնդիրներ կային, քանի որ հանձնաժողովին թվում էր, թե իրավաբանական ծառայության ղեկավարի մրցույթ է և հարցերը որևէ կապ չունեին բուն գործի հետ։ Բայց հասցրեցի հարցերից մեկը, որ քիչ թե շատ նման էր հենց ՊՈԱԿ-ի գործառույթներին, որսալ ու ներկաներին պատմել, թե որքան կարևոր կառույց է եղել այդ ՊՈԱԿ-ը և ինչպես է այն ապականվել։