Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունների փոփոխությունները չեն հանգեցրել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության». Արթուր Սաքունց

Հունվար 18,2022 14:33

«Անդրադառնալով 1995թ ՀՀ Սահմանադրությանը, նշենք, որ Սահմանադրության տեքստում տեղ չէր գտել դատավորների անկախության երաշխիքների վերաբերյալ հոդվածը, որը լրացվեց 2015թ փոփոխություններով: Դատարանների անկախությունը երաշխավորելուն ուղղված մարմինը՝ Արդարադատության խորհուրդը կազմված էր 14 անդամից, որոնք նշանակվում էին նախագահի կողմից: Ըստ էության, այս մեխանիզմը թույլ էր տալիս մի իրավիճակ, որ դատարանների անկախությունը երաշխավորելուն կոչված մարմինը եւ դրա անդամները կարող էին անմիջական կախվածության մեջ գտնվել մեկ անձից»,- «Մեդիա կենտրոնում» կայացած՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը:

Նրա խոսքով. «Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահն ի պաշտոնե ղեկավարում էր Արդարադատության խորհուրդը, եւ գլխավոր դատախազը եւս այս մարմնի կազմում էր, որը չէր կարող դրական դիտվել այդ ինստիտուտի անկախության տեսանկյունից: Նաեւ անհրաժեշտ է նշել, որ 1995թ. Սահմանադրությամբ, դատավորների նշանակման գործընթացը եւս կախված էր մեկ անձից՝ նախագահն էր նշանակում նրանց, եւ չկային փոխզսպման մեխանիզմներ:

Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ ՍԴ-ի առումով եւս բավականին խնդրահարույց էր լիազորությունների նեղ շրջանակը, որը այն ժամանակ ուներ այս մարմինը: Ընդամենը չորս սուբյեկտ կարող էր դիմել Սահմանադրական դատարան, եւ այն էլ նեղ շրջանակների հարցերով՝ օրենքների սահմանադրականության, միջազգային պայմանագրերի սահմանադրականության ստուգման, ընտրությունների արդյունքների եւ այլն: Սուբյեկտների կազմի առումով ընդամենը ՀՀ նախագահն իրավասություն ուներ դիմելու, պատգամավորների 1/3-ը, պատգամավորների թեկնածուները, կառավարությունը:

Իսկ 2015թ այս ցանկն ընդլայնվեց, եւ ՍԴ դիմելու հնարավորություն ունեցավ յուրաքանչյուր անձ՝ իր խախտված իրավունքի համար»:

Դավիթ Գյուրջյանի խոսքով, 2005թ սահմանադրական փոփոխությունների փոփոխություններից կարեւորն այն էր, որ որոշակի ձեւական երաշխիքներ ստեղծվեցին Արդարադատության խորհրդի կազմավորման առումով. 14 անդամներից 9-ի նշանակման իրավասությունը տրվեց դատավորների ընդհանուր ժողովին եւ 2-ական գիտնական իրավաբանների նշանակման իրավասությունը՝ ԱԺ-ին եւ նախագահին, սակայն փորձը ցույց տվեց, որ գործնականում այս մարմնի անկախության խնդիրները չվերացան»:

Ըստ նրա, դատական համակարգի առանցքային փոփոխությունները, որոնք ամրագրվեցին 2005 թ. սահմանադրական փոփոխություններով՝ Վճռաբեկ դատարանի իրավական կարգավիճակի հստակեցումն էր, ՍԴ լիազորությունների ընդլայնումը:

«Փորձել դատական իշխանության խնդիրները եւ վիճակը դիտարկել միայն սահմանադրական կարգավորումների շրջանակում, իմ համոզմամբ տեղին է, բայց ամբողջական չէ՝ զուտ դատական իշխանության մասով»,-իր հերթին նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, սահմանադրությունների փոփոխությունները չեն հանգեցրել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության. «Պետք է փորձել հասկանալ, թե որտեղ է խնդիրը՝ դատական իշխանության մե՞ջ է, թե՞ իշխանության այլ ճյուղերի ու դատական իշխանության փոխհարաբերությունների: Մի բան, սակայն, հստակ է, որ անկախ սահմանադրական փոփոխություններից՝ 1995թ, 2005թ, 2015թ, անփոփոխ է մնացել գործադիր իշխանության գերակա դերը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ: Սա որոշիչ նշանակություն ունի: Անկախ նրանից Հայաստանում գործադիր իշխանության ղեկավարը ՀՀ նախագահն, է կիսանախագահը կամ վարչապետը, արդյունավետ զսպման մեխանիզմներ օրենսդիր իշխանության կողմից գործադիրի նկատմամբ չեն եղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31