Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացանք, ԱԺ-ում բոլորը դարձել են թուրք ու դավաճան բռնող»․ Ռուբինյանը առաջարկ արեց ընդդիմությանը

Հունվար 18,2022 14:10

«Ես չեմ կիսում Գեղամ Մանուկյանի տեսակետը, թե որպես ՀՀ-ի ներկայացուցիչ՝ պետք է լինեմ անձեռնմխելի կամ անքննադատելի։ Հակառակը, քննադատության իրավունքը լավագույն բաներից է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Բոլորին հրավիրում եմ քաղաքական եւ բովանդակային քննադատության ենթարկել իմ ու մեր գործունեությունն ու իմ համեստ անձը։ Պարոն Մանուկյան, մեր քննարկումների ցածր որակի խնդիրն այն է, որ ըստ էության չենք խոսում։ Վերջին երկու օրում թվում է, թե մեծ բան է եղել, որ ՀՀ-Թուրքիա գործընթացի մեկնարկ է տրվել, բայց ձեր հարցադրումների մեծ մասը եղել է այն մասին, թե ես ինչ հիմքով եմ նշանակվել։ Պարզ չէ այս հարցի բովանդակային հիմքը։ Արդեն ասել եմ, որ սա պաշտոն չէ, այլ գործառույթ»-նշեց Ռուբինյանը։

Ապա նա պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցադրումների․ «Այո, ինձ հետ կա աշխատանքային խումբ՝ կազմված դիվանագետներից եւ ԱԳՆ աշխատակիցներից։ Այո, ես խորհրդակցել եմ նախկին բանակցողների հետ։ Անուններ չեմ տա, որովհետեւ թույլտվություն չեմ վերցրել։ Ոչ, չունեմ որեւէ բան ստորագրելու լիազորություն, որովհետեւ ես ներկայացուցիչ եմ, իսկ սուբյեկտը կառավարությունն է, որոշում կայացնողը՝ նույնպես, եթե հասնենք այդ կետին»։

Ռուբինյանը վստահեցրեց, որ բովանդակային հարցերի ու քննարկումների համար բաց է․ «Բայց ցավում եմ, որ քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում։ Ինձ համար մեր պետության գլխավոր քաղաքական խնդիրը երեսպաշտությունն է։ Զգայուն թեմաներն ուզում են կապիտալիզացնել։ Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերն ու ԶԼՄ-ներն ինձ փորձում են կասկածների եւ մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ։ Տիկին Ագնեսա Խամոյանը երեկ ակնարկում էր՝ գուցե ես թուրքական ազդեցության գործակա՞լ եմ։ Իմ մոտ հարց է առաջանում՝ մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է եւ որը ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, որն ըստ Ասատուր Խաչատրյանի՝ 1918թ․-ին Պոլիսում սուլթանին ասել է՝ ՀՀ-ն իր անկախությամբ պարտական է Թուրքիային, որի երկու ներկայացուցիչներ 1919թ․-ին եղել են մուսավաթական Ադրբեջանի կառավարության անդամներ, որի ներկայացուցիչ Վրացյանը 1921թ․-ին դիմել է քեմալական Թուրքիային՝ աջակցության համար, որը կոալիցիայի մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի օրոք ՀՀ-Թուրքիա գաղտնի բանակցություններ են եղել․․․ես գնահատական չեմ տալիս Վրացյանին, բայց ուզում եմ հասկանալ՝ այն տրամաբանությունը, որով ձեր խմբակցությունն է կասկած սերմանում, ձեր ուժը նախորդ թվարկած տարիներին նշյալ գործիչներին ակնարկե՞լ է որպես գործակալների»։

Ըստ Ռուբինյանի՝ նման խոսակցություններով ոչ մի տեղ չենք հասնի․ «Եթե ես ամեն անգամ գամ այս ամբիոնի մոտ ու տարբեր ձեւերով մանիպուլացնեմ ու ասեմ՝ փաստորեն ՀՅԴ-ն թուրքական ազդեցության ուժ է, դա կդառնա անիմաստ խոսակցություն, որի հետեւանքով ժողովուրդը չի հետեւի քաղաքականությանը։ Ժողովուրդն արդեն հոգնել է ամեն օր լսելուց թուրք, դավաճան, գործակալ․․․հա, հասկացանք, ԱԺ-ում բոլորը դարձել են թուրք ու դավաճան բռնող․․․այսպես ո՞ւր ենք հասնելու»։

Ապա Ռուբինյանը երկու ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց անցնել բովանդակային քննարկման եւ հայտարարել՝ իրենք կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանի․ «Մեր քաղաքական ուժը կողմ է»։

Ընդդիմության շարքերից հարցադրումներ հնչեցին, որոնց ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ իր եւ թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպումից հետո երկու երկրների ԱԳՆ-ները մամուլի հաղորդագրություններ են տարածել այն մասին, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31