Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», – պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:
Արամ Սարգսյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: