Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայության թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Արմեն Գևորգյանը դատարանին էր դիմել միջնորդությամբ, որ ստանա թույլտվություն և կարողանա ֆիզիկական ներկայությամբ մասնակցել հունվարի 24-28-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ Վեհաժողովում որոշում է կայացվել՝ Արմեն Գևորգյանի՝ որպես ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը ֆիզիկական ներկայությամբ պարտադիր է:
Այնուամենայնիվ, Աննա Դանիբեկյանը եկավ այն եզրահանգման, որ պաշտպանական կողմը չի հիմնավորել վեհաժողովի աշխատանքներին՝ Արմեն Գևորգյանի առցանց մասնակցելու անհնարինությունը և պատճառաբանեց նաև, որ հունվարի 25-ին դատական նիստ է նշանակված:
Կարդացեք նաև
Ըստ նախագահող դատավորի՝ ներկայացված փաստաթղթերից երևում է, որ համապատասխան միջոցառմանը կարելի է մասնակցել նաև առցանց: Ուստի միջնորդությունն այս հիմնավորումներով մերժվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ