Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն կատարածները մեզնից պահանջում են մոռանալ, որ մեզ համար լավ լինի». Աննա Մայիլյան

Հունվար 18,2022 13:27

«Երկու հանգամանք են բերում չակերտավոր սիրուն՝ մեկը աղանդավորականությունը, երբ մարդը բանականությունը կորցրած, հիպնոսացված փոխում է իր բարոյական բանականությունը, երկրորդն էլ գումարն է: Այսպիսի մի բան էլ բիզնեսում կա՝ եթե մի կողմ դնելով մարդկային որակներդ՝ կենտրոնանում ես փողի վրա, ապա փողն անընդհատ փող է բերում, իսկ փողը երբեք շատ չի լինում»,-«Հայելի» ակումբում ներկա վիճակի եւ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերվելու մասին խոսելիս ոմանց ոգեւորությունը նկատի ունենալով՝ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:

Նա կարծում է, որ այս պարագայում մարդն ինքն է ընտրում՝ կամ պահպանել մարդկային դիմագիծը, կամ նրա խոսքով՝ ընկնել բիզնեսի աղանդի մեջ եւ կորցնել մարդկային ամեն բան: «Մենք հաճախ ուզում ենք հայի կերպարի մեջ տեսնել ամենաաստվածայինը, բայց մարդը մնում է մարդ՝ իր լավ ու վատ կողմերով: Հիմա մեր երկրի վիճակը վատ է, անվտանգային առումով սարսափելի է, մենք գնում ենք աշխատանքի, գալիս տուն, ավտոմատ ապրում ենք: Բայց անձամբ ես չեմ կարողանում հանգիստ վերաբերվել առօրյային, որովհետեւ սահմանին երիտասարդ երեխաներ են կանգնած, որոնք պետք է դիմակայեն հարեւան երկու այլանդակ պետությունների ցուցաբերած ագրեսիային:

Ընդ որում, միայն այդ ագրեսիան չէ: Նրանք շարունակում են դաստիարակել սերունդներ՝ այն գաղափարով, որ հայը մեր թշնամին է: Ցեղասպանություն կատարածները մեզանից պահանջում են մոռանալ, որ մեզ համար լավ լինի, բայց միեւնույն ժամանակ շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը: Ի՞նչ պայմաններ եք առաջ քաշում, պարոնայք թուրքեր, դուք բարոյական կերպար ունե՞ք, որ նման բան եք առաջարկում, մտածո՞ւմ եք մեր սերունդների մասին»,-ասում է երգչուհին:

Նա հարց է հնչեցնում. «Ի՞նչ է նշանակում ընկերանալ թուրքի հետ բիզնեսի ու առեւտրի համար: Թող թուրքը նախ իր մեղքը ճանաչի, ասի՝ այո կատարել եմ, վերադարձնի իր գողացածը, նոր խոսենք այս ամենի մասին: Բանագնաց կոչվածներն ասում են, թե հրեաներն էլ հիմա հանգիստ ապրում են Գերմանիայում, գերմանացիների հետ լավ կապերի մեջ են: Այդ ամենը հնարավոր է, որովհետեւ Գերմանիան այնպիսի քաղաքակիրթ կեցվածք ընդունեց պատերազմից հետո՝ ամբողջովին ընդունելով իր զազրելի կատարածի մեղավորությունը, որից հետո հնարավոր էր հարաբերություններ կարգավորել: Հրեա ժողովուրդը ստացել է պետություն, փոխհատուցում եւ մինչ այսօր է ստանում: Ես գերմանացի շատ ծանոթներ ու ընկերներ ունեմ, իրենք մինչ այսօր խորը կոմպլեքս ունեն, որ իրենց պետություն է այդ ամենն արել: Հիմա ո՞նց կարելի է թուրքի պահանջը կատարել, որից հետո միեւնույն է՝ բարեկամություն չի լինելու»:

Աննա Մայիլյանը փաստում է, որ Բաքվի ու Սումգայիթի հայկական կոտորածներից հետո պատշաճ ձեւով այդ հարցը չբարձրաձայնվեց. «Այդ ամենը տեսած մարդիկ պետք է գոնե այսօր պատմեն, գրեն, աղաղակեն…Պետք է դոկումենտալ ֆիլմերով, ցուցահանդեսներով պետական մակարդակով խոսեն այդ մասին…Պետք է հավաքվենք, խոսեցնենք այդ մարդկանց, եթե պետությունը դա չի անում: Ի դեպ, 1915թ մազապուրծ փրկվածներից էլ ժամանակին պատշաճ ձեւով հարցազրույցներ չեն վերցրել, ասենք տեխնոլոգիաներն այն ժամանակ թույլ չեն տվել, բայց հիմա թույլ են տալիս, չէ՞…»:

Աննա Մայիլյանն ընդգծում է՝ կեղծ «քիրվայությունից» եկող վտանգների դեմ պետք է կանգնեն այն մարդիկ, որոնք ունեն գենետիկ հիշողություն. «Իմ մեծ հոր ընտանիքին թուրքերն այրել են՝ ծնողներով, եղբայրներով, քույրերով…Բոլորդ ունեք նման պատմություններ, որոնք անընդհատ կրկնվում են…Հայ ժողովուրդը պետք է պահանջատեր լինի այսօր, ի՞նչ է նշանակում՝ պետք է բոլոր փախստականները վերադառնան Արցախ եւ Հայաստան, դե թող բոլոր բաքվեցիները վերադառնան Բաքու: Դե ընդունեք այդ մարդկանց պարոն Ադրբեջանի նախագահ, երեւի սիրով կընդունեք՝ մի երկու ժամով, որ հետո ծրագրավորված կմորթեք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31