ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:
Լրամշակված տարբերակում հստակեցվել են հանրային տարընկալումների տեղիք տված պետական ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող դրույթները: Սահմանվել են պետական ուսումնական հաստատության տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի իրավասությունները և պարտականությունները:
Կարդացեք նաև
Տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները հստակեցվել են
Տնօրենի թափուր պաշտոնում մրցութային կարգով և 5 տարի ժամկետով կարող է նշանակվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձը։
Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա անցնում է ատեստավորում, որի արդյունքում նա կարող է շարունակել պաշտոնավարումը:
Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին տրված եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:
Տնօրենի գործառույթներն առնչվում են կրթության բովանդակությանը. դրա մեջ մտնում են դասաբաշխումը, որի հիման վրա կազմվում է տարիֆիկացիան, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքացուցակի կազմումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի վերահսկողությունը, ուսուցիչների թափուր տեղերի համալրումը, ուսումնական պլանի հաստատումը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը: Տնօրենը կատարում է մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնական), այդ թվում` տնօրենի տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, նրանց հետ կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը: Նա նաև ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները:
Վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և հանրային կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ վերջին 7 տարվա ընթացքում:
Վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Վարչատնտեսական համակարգողը, տնօրենի կողմից տրամադրված դասաբաշխման հիման վրա, կազմում է տարիֆիկացիան և ներկայացնում լիազոր մարմնին: Ըստ տնօրենի ներկայացրած պահանջարկի` նա լիազոր մարմնին է ներկայացնում նաև հաստիքացուցակը, ինչպես նաև դպրոցի ծախսերի նախահաշիվը: Վարչատնտեսական մասի համակարգողն ապահովում է գնումների գործընթացի կազմակերպումը, հաշվապահական հաշվառման վարումը և իրականացնում օրենքով սահմանված այլ ֆինանսավարչական գործառույթներ:
Նա նաև անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղերի համար մրցույթները, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ