«Արամ Վարդեւանյանի բոցաշունչ ելույթից հետո հիշեցի «comedy club»-ից մի դրվագ, երբ ասում է՝ «и тем не менее, Рафик ни в чём не виноват»․․․փաստաբանական համայնքը հանգիստ կարող էր այս կանոնակարգումները վիճարկել ՍԴ-ում, բայց կարծես նման բան չի եղել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանի պնդմանը, թե դատական օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթով սահմանված՝ դատավորին իրավունքի չարաշահման դեպքում սանկցիա կիրառելու հնարավորություն տալը հանգեցնելու է ապօրինությունների՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն ուսումնասիրել է այս նախագիծը եւ որեւէ բացասական պատասխան կամ հակասահմանադրականության հետ կապված աղերս չի գտել․ «Այո, դատավորը պետք է կողմերի միջեւ մրցակցությունն ապահովելով՝ իրականացնի արդարադատություն, բայց եթե կողմերից մեկը չարաշահում է իր իրավունքը, դատարանը պետք է հնարավորություն ունենա չարաշահումը կանխելու։ Միջազգային պրակտիկայում իրավունքի չարաշահման դեմ պայքարում են, մենք էլ ենք պայքարում»։
Վարդանյանը Վարդեւանյանին, որն իր խոսքում օգտագործել էր «արմենդանիելյանական դատարաններ» արտահայտությունը, կոչ արեց ԱԺ ամբիոնից հարգել դատական իշխանությունն ու դատավորների անուններ չհնչեցնել եւ այդ կերպ չքաղաքականացնել դատավարական գործընթացները։
Կարդացեք նաև
Ի պատասխան Արամ Վարդեւանյանն ասաց, որ հումորային հաղորդումներից մեջբերումներ չի անի, բայց հույս ունի, որ հաջորդ ելույթում Վլադիմիր Վարդանյանը կխոսի դատարանների մասին ամենախայտառակ, միջամտող հայտարարություններ արած պաշտոնյայի մասին, որը դատավորներին բնորոշել է «վնգստացող» արտահայտությամբ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ