«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ քրեական օրենսգրքում կառավարության հեղինակած փոփոխությունների փաթեթով որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսվում իրավունքի իրացման սահմանափակումը, որը կիրառվելու է այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը պարբերաբար չարաշահելու է իր դատավարական իրավունքները՝ վտանգելով մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության ապահովումը։
ԱԺ լիագումար նիստում այսօր արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն անդրադարձավ այս նախագծի առիթով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին՝ մեջբերելով ՍԴ համապատասխան որոշումը, ըստ որի՝ անձի կողմից դատավարական իրավունքների չարաշահման դեպքում որոշակի իրավունքների սահմանափակումը համապատասխանում է համաչափության սահմանադրական իրավունքի պահանջներին․ «Ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը, որ գործնականում հնարավոր են խնդիրների դրսեւորումներ, քրեական օրենսգիրքը սահմանում է, որ դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի բուն իրավունքի իրացումը»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց՝ ենթադրենք, դատարանն արձանագրում է իրավունքի չարաշահումը եւ սահմանափակում է ելույթ ունենալու իրավունքը, որը սահմանադրությամբ երաշխավորված՝ մեղադրանքից պաշտպանվելու միջոցներից է․ «Եթե անձն ուզում է այդ սահմանադրական իրավունքից օգտվի, բուն իրավունքի իրացումն ինչպե՞ս է գործելու»։
Փոխնախարարը պատասխանեց․ «ՍԴ-ն արձանագրել է, որ նման հարցերի պատասխանն իրավակիրառ պրակտիկան կտա։ Իհարկե, կողմերը կարող են պնդել, որ չեն չարաշահել, դատարանն էլ պետք է դա գնահատի։ Պաշտպանից հրաժարվելու իրավունքը եւս կապ ունի իրավունքի բուն էության հետ, ուստի այդ սանկցիան ժամանակավոր բնույթի է, այսինքն՝ անձին մշտապես չեն զրկում ելույթ ունենալու իրավունքից։ Երկրորդ կողմի իրավունքներն էլ պետք է հավասարակշռել։ Չի կարելի մեկին առավելություն տալ մյուսի իրավունքի հաշվին։ Դատարանը պետք է հավասարակշռողի դեր ունենա»։
Կարդացեք նաև
Վարդեւանյանն արձանագրեց․ «Ստացվում է, որ շատ մեծ բեռ ենք թողնում դատարանների վրա, մինչդեռ հիմա կարելի է արձանագրել, որ իրավունքի սահմանափակումը որոշակի տեւողությամբ է լինելու։ Դատավորը կարող է իրավունքը սահմանափակել մեկ օրով կամ մեկ տարով։ Իսկ բողոքարկելու իրավունքը ռիսկեր է առաջացնելու»։
Երանուհի Թումանյանցը պատասխանեց, որ ՍԴ-ն արձանագրել է՝ խնդիր չունենք․ «Ես հասկանում եմ մտահոգությունները, բայց նոր քրեական դատավարության օրենսգրքում բոլոր դրույթները կան, նախագծում եվրոպական դատարանների բոլոր չափանիշները դրվել են»։
Վարդեւանյանը չհամաձայնեց․ «Դատավորները որոշելու են, որ անձը չի կարող ելույթ ունենալ, նոր փաստաբանի ներգրավել եւ այս ամենը՝ քրեական հետապնդման ողջ ընթացքում։ Եվրոպական փորձում չկա նման բան, կա իրացման բարեխիղճ մշակույթ, երբ դատարանները չեն լինում «արմենդանիելյանական» բնույթի։ Մենք ունենք նախադեպ, երբ դատավորը որոշել է, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա եւ գնացել է խորհրդակցական սենյակ։ Դա ապօրինություն է, մինչդեռ այս նախագծով՝ այն դադարելու է համարվել ապօրինություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ