Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ:
Նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված համաժողովներին մասնակցելու համար։
Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28) 2023թ տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։
Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ