Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետացած բանալիներն ու կնիքը աշխատակազմի քարտուղարի մոտ չեն. Վարազդատ Հարությունյան

Հունվար 17,2022 19:22

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքի անհետացման հարցով «Ահարոն Խաչատրյան» դաշինքը դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Փաստաբանի փոխանցմամբ, իրենք նաեւ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին էին գրությամբ դիմել՝ պարզելու համար բանալիների եւ կնիքի ճակատագիրը: Վերջինս պատասխանել է, որ բանալիներն ու կնիքն իր մոտ չեն, դրանք իրեն չեն հանձնվել:

Մինչդեռ,  Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանն իր վերջին հարցազրույցներում ասել էր, որ Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու համայնքապետի աշխատասենյակի բանալիները գտնվում են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ։ Օրենքն է այդպես սահմանում։

Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։

Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:

Վարազդատ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչները սպասում են ոստիկանության գործողություններին եւ ոստիկանության պատասխանին, բայց, ըստ նրա, ամեն կերպ ձգձգում է գործընթացը՝ հավանաբար սպասելով վարչական դատարանում հունվարի 27-ին նշանակված նիստին: Թեեւ, Վարազդատ Հարությունյանը վստահ է, որ ընտրությունների արդյունքների վիճարկումը վարչական դատարանում որեւէ կերպ չի կասեցնում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի գործողությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31